Այսօր Կառավարության հերթական նիստում քննության է առնվել «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ:
Օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստ չի նշանակվում, եթե երեխան մահացած է ծնվել: Նկատի առնելով, որ երբեմն կենսաբանորեն բարդ է սահմանազատել` երեխան մահացած է ծնվել, թե մահացել է ծնվելուց անմիջապես հետո, նախագծով առաջարկվում է հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: Սկզբունքորեն ընդունելով արծարծված խնդրի կարգավորման անհրաժեշտությունը` գործադիրն անհրաժեշտ է համարում միանվագ նպաստի նշանակման և վճարման առանձնահատկությունները քննարկել և հստակեցնել նախագծի հեղինակների հետ: