ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում դատավոր Տարոն Նազարյանի նախագահությամբ այս անգամ ևս հետաձգվեց «Էս-Թի տրանս մոբիլ» ՍՊԸ-ի կողմից բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Նախքան դատական նիստը սկսելը դատարանը արգելեց տեսաձայնագրել այն` հաշվի առնելով կողմերի կարծիքը: Նշենք, որ տեսաձայնագրմանը դեմ էր «Էս-Թի տրանս մոբիլ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Արման Ապիտոնյանը:
Վերջինս դատարանին հայտնեց, որ Հայկ Գասպարյանը իրականում ստացել է իր աշխատավարձի մի մասը. «Այդ փաստն ապացուցող փաստաթղթերը առաջին ատյանի դատարնում ներկայացնելու հնարավորություն չենք ունեցել, քանի որ նիստի օրվա և ժամի մասին պատշաճ ծանուցված չենք եղել: Հարկադրաբար այդ փաստաթղթերի պատճենները ներկայացրել ենք վերաքննիչ դատարան, սակայն այնտեղ ևս ընկերությունը պատշաճ ծանուցված չի եղել օրվա և ժամի մասին: Խնդրում եմ այդ փաստաթղթերը հիմք ընդունել այս վերաքննիչ բողոքի քննության ժամանակ»:
Փաստաբանը միաժամանակ միջնորդություն ներկայացրեց հետաձգել դատական նիստը` այդ փաստաթղթերի բնօրինակները ներկայացնելու համար:
Պատասխանող կողմը չառարկեց ներկայաված միջնորդության:
«Ես չեմ առարկում ներկայացված միջնորդությանը, թող բերի այդ թղթերը: Մեզ համար պարզապես անհասկանալի է, թե ինչո՞ւ է նա նոր հիշում այդ բնօրինակների մասին և անիմաստ հետաձգում դատական նիստը: Ինքը գիտեր, որ այդ փաստաթղթերը ինքը չի ներկայացրել և այսօր դատական նիստ կա: Թող այսօր էլ բերեր»,- ասաց Հայկ Գասպարյանի պաշտպան Արևհատ Սիմոնյանը:
Նրա հարցին ի պատասխան` Արման Ապիտոնյանն ասաց. «Ես հիշում էի, որ դատարանին ներկայացրել եմ բնօրինակները, միայն այստեղ քիչ առաջ իմատեսա, որ պատճեններ եմ ներկայացրել: Դա զուտ հիշողության խնդիր էր»:
Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը նշանակվեց մարտի 12-ին:
Արև Ավագյան