Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների (ՍՊԸ) մասին

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (այսուհետ` ընկերություն) է համարվում մեկ կամ մի քանի անձանց հիմնադրած ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է ընկերության կանոնադրությամբ սահմանված չափերով բաժնեմասերի:

Ընկերությունն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող առևտրային կազմակերպություն է:

Ընկերությունը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

Ընկերությունն ունի օրենքով չարգելված քաղաքացիական այնպիսի իրավունքներ, որոնք անհրաժեշտ են նրա գործունեության իրականացման համար, եթե դա չի հակասում ընկերության կանոնադրությամբ սահմանված գործունեության առարկային և նպատակներին:

Ընկերությունն իրավունք ունի սահմանված կարգով բացել բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետությունում և նրա սահմաններից դուրս:

Ընկերությունը կարող է ունենալ իր անվանումը կամ ֆիրմային անվանումը պարունակող ձևաթղթեր, խորհրդանիշ, ապրանքային նշան և անհատականացման այլ միջոցներ:

Ընկերության գտնվելու վայրը, նրա մշտական գործող մարմնի` կանոնադրությամբ սահմանված գործադիր մարմիններից որևէ մեկի գտնվելու վայրն է: Ընկերության գտնվելու վայրով իրականացվում է ընկերության պետական գրանցումը: Ընկերության գտնվելու վայրով փոստի և այլ թղթակցությունների առաքումը համարվում է պատշաճ առաքում:

Ընկերության հիմնադիրների (մասնակիցների) ավանդները, դրանց հաշվին ստեղծված, ինչպես նաև ընկերության գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքն ընկերությանն է պատկանում սեփականության իրավունքով:

Ընկերությունն իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետել, օգտագործել և տնօրինել իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքը:

Ընկերությունն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով:

Ընկերությունը պատասխանատու չէ իր մասնակիցների պարտավորությունների համար:

Ընկերության մասնակիցները պատասխանատու չեն ընկերության պարտավորությունների համար և իրենց ներդրած ավանդների արժեքի սահմաններում կրում են ընկերության գործունեության հետ կապված վնասների ռիսկը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել