8 ամսական երեխայի մայր Լիանա Հարությունյանի խափանման միջոցն այսօր դատավոր Արշակ Մաթևոսյանը փոխեց՝ կիրառելով համակցված միջոց՝ վարչական հսկողություն և երկրից բացակայելու արգելք։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատական նիստի ուշագրավ պահերից մեկն այն էր, որ մեկ շաբաթ շարունակ ակտիվորեն Լիանայի իրավունքների մասին ուղիղ եթեր հեռարձակող փաստաբան Զարուհի Փոստանջյանն այսօր չէր ներկայացել դատական նիստին՝ պատճառաբանելով, թե պատշաճ ծանուցված չէ։ Դատարանը նրա բացակայությունը համարեց անհարգելի, քանի որ նախորդ դատական նիստին արդեն հայտարարվել էր հերթական նիստի օրն ու ժամը։
Ավելի վաղ Փոստանջյանը հայտնել էր, որ այսօր նշանակված դատական նիստին դատարանը պետք է քննարկի իր հրատապ միջնորդությունը։
Դատավորը պարզաբանեց, որ Զարուհի Փոստանջյանի նկատմամբ դեռ նախորդ նիստին 6 սանկցիա էր կիրառվել այդ թվում՝ տուգանք և նկատողություններ։ Փոստանջյանը հեռացվեց վարույթից, ինչը նշանակում է, որ Լիանա Հարությունյանի պաշտպանությամբ նոր փաստաբան պետք է ներգրավվի։
Դատարանը չքննեց նաև մի խումբ պատգամավորների երաշխավորագիրը՝ Լիանա Հարությունյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ, քանի որ պատգամավորները ևս չէին ներկայացել դատարան։