Հուլիսի 5-ին` ժամը 11.18-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Քաղսիում գործող մի հյուրատան սեփականատերն ու հայտնել, որ հյուրատան սենյակներից մեկում արյան հետքեր կան։
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
«Մեկնել են Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, մարզային քննչական վարչության ու Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողներ, օպերատիվ խմբեր:
Համատեղ ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ հյուրատանը բնակվել են երեք օտարերկրացիներ՝ 40 տարեկան տղամարդ և 23 տարեկան կին։ Նրանց ավելի ուշ միացել է 75-ամյա՝ դարձյալ օտարերկրյա քաղաքացի:
Իրավապահները պարզել են նաև, որ 40-ամյա տղամարդը հուլիսի 4-ի գիշերը փակել է հյուրատան տարածքը լուսավորող լապտերը, այնուհետև հյուրատնից դուրս բերել 75-ամյա տղամարդուն, տեղավորել ավտոմեքենայում ու հեռացել տարածքից։
Մեկնարկել են որոնողական լայնածավալ միջոցառումներ, որոնց ներգրավվել են նաև Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կինոլոգիական կենտրոնի ծառայողներ ու ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցներ։
Կարճ ժամանակում պարզվեց մեքենայի շարժման ուղղությունն ու կանգառները՝ հյուրատնից հեռանալուց հետո։
Արդյունքում, հուլիսի 6-ին Հրազդան-Երևան ճանապարհին՝ դաշտամիջյան հատվածում, հայտնաբերվել է 75-ամյա տղամարդու դին՝ բռնության հետքերով։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Հայաստանը լքած 40 և 23 տարեկան օտարերկրյա քաղաքացիներին հայտնաբերելու ուղղությամբ։
Նախաքննությամբ համգամանքները պարզվում են»,-նշված է հաղորդագրության մեջ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: