Համահայկական բնապահպանական ճակատը հաղորդագրություն է տարածել, որտեղ ներկայացվում են առաջարկներ փոքր ՀԷԿ-երի առաջ բերած խնդիրների վերաբերյալ:
Հայատարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Բոլորիս լավ հայտնի է, որ փոքր ՀԷԿ-երը էկոլոգիական տեսանկյունից համարվում են էլեկտրաէներգիայի արտադրման շատ ավելի մաքուր աղբյուրներ, քան ՋԷԿ-երն և ԱԷԿ-ները: Սակայն Հայաստանում ՀՀ կառավարության կողմից այս ոլորտի զարգացման նպատակով ընտրած ոչ ճիշտ ռազմավարությունն ու վարած անհեռատես քաղաքականությունը, ինչպես նաև փոքր ՀԷԿ-երի զանգվածային կառուցումն ու անվերահսկելի շահագործումը, առաջ են բերել բազմաթիվ բնապահպանական և սոցիալական խնդիրներ, իսկ հանրության տարբեր շերտերի միջև ի հայտ են եկել շահերի բախումներ:
Այդ ամենն ուղղակի հետևանք է օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների անկատարության ու հակասությունների, ինչպես նաև սույն ոլորտում ՀՀ կողմից վավերացված միջազգային իրավական ակտերի իմպլեմենտացիայի, այսինքն՝ տեղայնացման և մեր օրենսդրության միջոցով դրանց արտահայտման, պետական կառավարման համակարգում առկա կոռուպցիայի և հովանավորչության երևույթների, տարբեր մակարդակներում այս ոլորտի լոբինգի, ինչո՞ւ չէ, նաև բնակչության էկոգիտակցության և էկոիրազեկման ցածր մակարդակի:
Վերը թվարկվածը հիմնավորվում է հետևյալ փաստարկներով.
1. Ներկայումս փոքր ՀԷԿ-երի կառուցման համար տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների մեջ ընդհանրապես բացակայում է էկոհամակարգային մոտեցումը, ինչն ուղղակի հետևանք է ՀՀ կառավարության 30.06.2011թ․ «Ըստ ՀՀ ջրավազանային տարածքների՝ խմելու-կենցաղային, գյուղատնտեսական նպատակներով ջրի պահանջարկի, ինչպես նաև բնապահպանական թողքերի գնահատումները սահմանելու մասին» հ. 927-Ն որոշման, համաձայն որի՝ բնապահպանական թողքի արժեքը որոշելիս որպես հիմք ընդունվում է տարվա սեզոնային ժամանակաշրջանում առավել նվազագույն ելքեր ունեցող 10 իրար հաջորդող օրերի միջին ելքը: Սա նշանակում է, որ եթե երկարատև հիդրոլոգիական դիտարկման ամենասակավաջուր տարիներից մեկում այդ 10 օրերի միջին ելքը կազմել է օրինակ 5 լիտր/վրկ, ապա կարելի ամբողջ տարվա համար դա սահմանել որպես բնապահպանական թողք և փաստացի ջրազրկել գետը։ Այս որոշումը ընդհանրապես առնչություն չունի ջրավազանների էկոհամակարգերի պահպանության կարիքների հետ և չի կարող ապահովել այդ էկոհամակարգերի բնական կենսագործունեությունը:
Այս կապակցությամբ առաջարկում ենք՝
- Վերանայել ՀՀ կառավարության վերոնշյալ որոշումը, և բնապահպանական թողքի գնահատման ու հաշվարկման եղանակի հիմքում դնել իսկապես գետավազանի հիդրոլոգիական, հիդրոմորֆոլոգիական, հիդրոաշխարհագրական, հիդրոքիմիական, հիդրոֆիզիկական, բնապահպանական, սեզոնային և այլ առանձնահատկությունները՝ ընդունելով այն անհերքելի փաստը, որ գետը դա երկարաժամկետ էկոհամակարգային ծառայություն մատուցող բնական տարր է, այլ ոչ թե միայն հոսող ջրի ֆիզիկական զանգված։
- Բնապահպանական թողքի հաշվարկման նոր եղանակի ընդունումից հետո՝ վերանայել նախկինում տրված բոլոր ջրօգտագործման թույլտվությունները:
2. Հայաստանում բացակայում է փոքր ՀԷԿ-երի կողմից էկոհամակարգերի վրա, ինչպես նաև սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական, մշակույթային և այլ ազդեցությունների գնահատման համալիր և գիտականորեն հիմնավորված մեթոդաբանությունը: Դրա փոխարեն ՀՀ օրենսդիր և գործադիր իշխանությունների կողմից ընդունվել են այնպիսի օրենքներ և որոշումներ, որոնք թույլ են տալիս ցանկացած տնտեսվարողի կառուցել փոքր ՀԷԿ քիչ թե շատ հոսք ունեցող գետերի վրա՝ դարձնելով այն շահութաբեր բիզնես: Դրան է նպաստում նաև էլեկտրաէներգիայի գնման բարձր սակագինը գետերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երից (մեկ կվտ/ժամը 21 դրամ ):
Այս կապակցությամբ առաջարկում ենք՝
- Կասեցնել կառուցվող բոլոր փոքր ՀԷԿ-երի շինարարություններն ու նոր լիցենզիաների տրամադրումը, մինչև ՀՀ կառավարության կողմից մշակվեն դրանց շինարարության և շահագործման ընթացքում առաջացող տարատեսակ ազդեցությունների համալիր և գիտականորեն հիմնավորված մեթոդաբանություններ:
- Մեթոդաբանության մշակումից հետո պետք է վերանայվեն արդեն իսկ գործող (շահագործվող) բոլոր փոքր ՀԷԿ-երի գործարկման թույլատրելիությունը`ելնելով մշակված համալիր չափանիշներից:
- ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է հաշվարկի, հիմնավորի և սահմանի իրատեսական սակագին, որը ներդրումները վերադարձնելուց հետո պետք է աստիճանաբար նվազի՝ ինչի շնորհիվ խնայված միջոցները պետք է ուղղել էլեկտրաէներգիայի արտադրության էկոլոգիապես մաքուր այլ աղբյուրների զարգացմանը: Այլընտրանքային էլեկտրաէներգիայի այլ աղբյուրներ ունենալու պահանջը պետք է լինի մեր մոտակա տարիների հրամայականը:
3. Բնապահպանական փորձաքննությունն ընդհանրապես չի ծառայում իր նպատակին, իսկ վերահսկողությունը իսպառ բացակայում է ինչպես փոքր ՀԷԿ-երի շինարարության, այնպես էլ՝ շահագործման ընթացքում: Վերահսկողության բացարձակ բացակայության հետևանքով շատ դեպքերում չեն պահպանվում նույնիսկ ներկայումս գործող նվազագույն պահանջները, և գետերը պարբերաբար ամբողջովին ջրազրկվում են: Այդ ամենին ականատես են լինում և բարձրաձայնում են միայն ազդակիր համայնքի (ների) բնակիչները, բնապահպաններն ու լրագրողները:
Այս կապակցությամբ առաջարկում ենք՝
- Իրականացնել ստուգումներ, այդ թվում նաև մշտադիտարկում ՀՀ բնապահպանական փորձաքննության ՊՈԱԿ-ում, թե ինչ ծավալով են քննարկվում փոքր ՀԷԿ-երի կառուցման աշխատանքային նախագծերը, և ինչ հիմքերի ու մասնագիտական վերլուծության հիման վրա են համատարած տրամադրվում դրական եզրակացություններ:
- Այս առումով շատ վտանգավոր և անընդունելի ենք համարում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի մեջ, մեզ համար անհասկանալի պատճառներով, փոքր ՀԷԿ-երի տեղափոխումը «Բ» կատեգորիայից «Գ» կատեգորիայի, ինչը թույլ է տալու պարզեցված ընթացակարգով և առանց լուրջ գնահատման տալ եզրակացություններ:
- Պետք է մանրակրկիտ ուսումնասիրել ՀՀ ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից փոքր ՀԷԿ-երի կառուցման նպատակով տրամադրված ջրօգտագործման թույլտվությունները:
- Բոլոր գործող փոքր ՀԷԿ-երը պետք է զինված լինեն բնապահպանական թողքի քանակը կարգավորող ավտոմատ համակարգով, որը պետք է միացված լինի մեկ ընդհանուր համակարգչային ցանցին, որը թույլ կտա ցանկացած պահի տեսնել և գրանցել գետի մեջ թողած ջրի քանակը: Այդ տեղեկատվությունը պետք է առցանց հասանելի լինի ցանակացած քաղաքացու համար
4. Հանրային լսումներն ազդակիր համայնքներում կրում են ձևական բնույթ. համայնքի, բնապահպանների և քաղաքացիական հանրության կողմից տրված բացասական կարծիքը (ները) որպես կանոն որևէ դեր չի խաղում, ինչն էլ բերում է կառուցապատողների, տեղական ինքնակառավարման մարմինների, համայնքի բնակիչների, բնապահպանների և քաղաքացիական հանրության միջև տարաբնույթ վեճերի և խնդիրների (օրինակ Թռչկան ջրվեժ, Խաչաղբյուր-1 և Խաչաղբյուր-2 փոքր ՀԷԿ-եր-Գետահովիտ, Ստեփանավան, Մարց, Բյուրական, Շատին, Արգիճի և բազմաթիվ այլ դեպքեր):
Այս կապակցությամբ առաջարկում ենք՝
- Ընդունել համապատասխան իրավական ակտեր, որով ամրագրված կլինի դրույթ, որ ցանկացած փոքր ՀԷԿ-ի կառուցման համար ջրօգտագործման թույլտվություն և բնապահպանական դրական եզրակացություն կտրվի կառուցապատողին՝ միայն ազդակիր համայնքի, բնապահպան-մասնագետների, քաղաքացիական հանրության դրական կարծիքի առկայության դեպքում: Եթե համայնքը միանշանակ դեմ է, ապա պետական լիազոր մարմնի կողմից կառուցապատողին պետք է տրամադրի բացասական եզրակացություն:
- Պետք է միանշանակ արգելել փոքր ՀԷԿ-երի կառուցումը բնության հատուկ պահպանվող տարածքներում և այն գետերի վրա, որոնք հանդիսանում են ՀՀ կարմիր գրքում գրանցված կենդանիիների և բույսերի բնակավայր:
5. Անտեսված է բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործման գաղափարը, իսկ գետը դիտվում միայն որպես հիդրոէներգետիկ պոտենցիալ ունեցող ռեսուրս: Գործանականում հաշվի չեն առնվում փոքր ՀԷԿ-երի կուտակային ազդեցությունը շրջակա միջավայրի և ազդակիր համայնքների վրա, երբ մեկ գետի վրա կառուցվում է մի քանի փոքր ՀԷԿ:
Այս կապակցությամբ առաջարկում ենք՝
- Անհապաղ սկսել մշտադիտարկման աշախատանքներ այս ուղղությամբ և տալ մասնագիտական հիմնավորումներ ու եզրակացություն, արդյոք թույլատրելի է ամբողջ գետը վերցնել խողովակի մեջ կամ մեկ գետի վրա կառուցել մի քանի փոքր ՀԷԿ: Վերջապես պետք է հասկանալ և գնահատել, թե ինչպիսի բացասական էկոլոգիական հետևանքների կարող է բերել 300-ից ավել փոքր ՀԷԿ-երի կառուցումն ու շահագործումը Հայաստանի նման փոքր երկրի համար: Մեր կարծիքով սա ամենակարևոր խնդիրններից մեկն է, որն այսօր անհանգստացնում է ոչ միայն քաղաքացիական հանրությանը, այլ նաև բնապահպան-մասնագետներին:
Մենք հասկանում ենք, որ այս խնդիրների լուծումը հնարավոր է միայն կառավարման համակարգի կողմից քաղաքական կամք դրսևորելու դեպքում, ինչը, ցավոք, այսօր բացակայում է»:
ՓՀԷԿ-երի կառուցման պատճառով ստեղծված իրավիճակին կարող եք ծանոթանալ՝ դիտելով սույն տեսանյութը՝ Փոքր ՀԷԿ-երն ընդդեմ բնության
Ֆեյսբուքյան էջ` https://www.facebook.com/armecofront
Յութուբյան ալիք` https://www.youtube.com/user/armecofront
Էլ. փոստ` [email protected]