Տուգանքի չափը կավելանա

Տրանսպորտային միջոցների վրա լուսային և ձայնային սարքավորումներ տեղադրելու կանոնները խախտելու համար նախատեսված տուգանքների չափերը կավելանան:

Այսօր Կառավարության նիստի ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հանդես եկավ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նոր նախագծով:

Վերջինս առաջարկում է տրանսպորտային միջոցների վրա ստանդարտին չհամապատասխանող լուսային կամ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ (բացառությամբ հակաառևանգման ազդանշանային համակարգի և հավաքների կամ հանրային միջոցառումների դեպքում` բարձրախոսների) տեղադրելու կամ շարժման ընթացքում դրանք օգտագործելու համար սահմանել տուգանք նվազագույն աշխատավարձի 20-ապատիկի չափով՝ 20 հազար դրամ. ներկայիս օրենքով՝ այդ իրավախախտման համար նախատեսվում է նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով՝ 10 հազար դրամ  տուգանք:

Նույն արարքը տույժի նշանակումից հետո  մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու համար կսահմանվի տուգանք նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով՝ 50 հազար դրամ, իսկ ստանդարտներին չհամապատասխանող լուսային և ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումները բռնագրավվելու են: 

Ըստ նախագծի՝ գիշերային ժամանակ (23:00-ից մինչև 7:00-ն) տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երթևեկությունն սկսելու կամ մանևր կատարելու, ինչպես նաև հետընթաց վարման կանոնները խախտելու համար նախատեսվելու է տուգանք նվազագույն աշխատավարձի 20-ապատիկի չափով՝ 20 հազար դրամ: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել