Արդյո՞ք հնարավոր է գրավադրել շրջանառության մեջ գտնվող ապրանքները

Նշենք, որ շրջանառության մեջ գտնվող ապրանքների գրավ է համարվում գրավատուի մոտ թողնված ապրանքների գրավը` գրավատուին իրավունք վերապահելով փոխել գրավ դրված գույքի (ապրանքային պաշարների, հումքի, նյութերի, կիսաֆաբրիկատների, պատրաստի արտադրանքի և այլն) կազմը և բնական ձևը, պայմանով, որ դրանց ընդհանուր արժեքը չնվազի գրավի մասին պայմանագրում նշվածից:

Շրջանառության մեջ գտնվող գրավ դրված ապրանքների արժեքի նվազեցումը թույլատրվում է գրավով ապահովված պարտավորության կատարված մասին համաչափ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Գրավատուի կողմից օտարված` շրջանառության մեջ գտնվող ապրանքները ձեռք բերողի սեփականությանն անցնելու պահից դադարում են գրավի առարկա լինել, իսկ գրավի պայմանագրում նշված գրավատուի ձեռք բերված ապրանքները դառնում են գրավի առարկա` գրավատուի մոտ դրանց նկատմամբ սեփականության իրավունքի ծագման պահից:

Շրջանառության մեջ գտնվող ապրանքների գրավատուն պարտավոր է վարել գրավների գրառման գիրք, որի մեջ գրառումներ են կատարվում վերջին գործառնության օրվա դրությամբ ապրանքների գրավի պայմանների և գրավ դրված ապրանքների կազմը կամ բնական ձևը փոփոխող բոլոր գործառնությունների մասին` ներառյալ դրանց վերամշակումը, եթե գրավատուի գործունեության նկատմամբ հսկողության այլ պայմաններ նախատեսված չեն պայմանագրով:

Գրավատուի կողմից շրջանառության մեջ գտնվող ապրանքների գրավի պայմանները խախտելիս գրավառուն իրավունք ունի գրավ դրված ապրանքների վրա իր նշանները դնելու միջոցով կասեցնել դրանց հետ կատարվող գործառնությունները մինչև խախտման վերացումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել