Մոպեդները պետք է պարտադիր ապահովագրվեն․ նախագիծ

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել մոպեդների պարտադիր ապահովագրման գործընթացը:

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում կկատարվեն հետևյալ փոփոխությունները․

«Հոդված 1. «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» 2010 թվականի մայիսի 18-ի ՀՕ-63-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «տրոլեյբուսներ» բառից հետո լրացնել «, մոպեդներ» բառով.

Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) առավելագույն արագությունը 50 կմ/ժ-ը կամ շարժիչի ծավալը կամ հզորությունը համապատասխանաբար 50 սմ3-ը կամ 4 կՎտ-ը չգերազանցող ավտոտրանսպորտային միջոցներ, բացառությամբ մոպեդների»։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում մեծ տարածում են գտել էլեկտրական շարժիչ ունեցող տրանսպորտային միջոցները, որոնք չունեն բանվորական ծավալով շարժիչ և «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) գործող խմբագրության պայմաններում միանշանակ չէ դրանց նկատմամբ պարտադիր ապահովագրության պահանջի տարածում, ուստի անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություն կատարել Օրենքում:

Նախագծով առաջարկվում է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում որպես ավտոտրանսպորտային միջոց սահմանել նաև մոպեդները, ինչպես նաև Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի խմբագրման արդյունքում մոպեդները ևս կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել