Հարթաշեն գյուղի 3 բնակիչ էլեկտրասյուներից հաղորդալարերի գողություն են կատարել․ 3 անձի մեղադրանք է առաջադրվել

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ Գորիս համայնքի Հարթաշեն բնակավայրի երեք բնակիչ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 198-199-րդ կիլոմետրերի հատվածում կառուցվող և կարևորագույն նշանակություն ունեցող բարձրավոլտ ցանցի էլեկտրասյուներից կատարում են հաղորդալարերի գողություն:

Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նրանք կտրած-գողացված հաղորդալարերը տեղափոխելու համար բարձել են 33-ամյա հարթաշենցու վարած բեռնատարը, գողության ժամանակ օգտագործած գործիքներն էլ թաքցրել են ավտոմեքենայում:

Ապրիլի 20-ին` ժամը 17.17-ին, բեռնատարը հայտնաբերվեց նույն ավտոճանապարհին: Վարորդը, 36 և 17 տարեկան ուղևորները գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվեցին ու ներկայացվեցին Սիսիանի բաժին, իսկ մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք:

Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ մեքենայում հայտնաբերվեցին ավելի քան 1600 մետր ալյումինե հաղորդալար և ալյումինե դետալներ, նաև հանցագործության գործիքները` էլեկտրական մետաղահատիչ, շարժիչային գեներատոր, ակցան:

33-ամյա վարորդի տան և օժանդակ շինությունների խուզարկությամբ հայտնաբերվել են նույն տեղից գողացված հաղորդալարեր, հեղյուս-մանեկներով արկղեր, մետաղյա դետալներ:

Երեք անձի մեղադրանք է ներկայացվել։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել