Հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո գործի արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով դատարանը ձեռնամուխ է լինում գործը դատաքննության նախապատրաստելուն:
Դատավորը, համարելով գործը դատաքննության նախապատրաստված, որոշում է կայացնում գործը դատաքննության նշանակելու մասին:
Դատաքննությունը, որպես կանոն, պետք է ավարտվի մեկ դատական նիստով:
Բոլոր ապացույցները հետազոտելուց հետո նախագահողը գործին մասնակցող անձանց հարցնում է, թե նրանք արդյոք չեն ցանկանում ներկայացնել լրացուցիչ նյութեր` դրանք հետազոտելու միջնորդությամբ: Նման միջնորդությունների բացակայության դեպքում նախագահողը գործի քննությունը հայտարարում է ավարտված, և դատարանը հայտարարում է վճռի հրապարակման վայրն ու ժամանակը:
Գործի քննությունն ավարտված հայտարարելուց հետո դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ` վճիռ կայացնելու:
Կարծում ենք, խորհրդակցական սենյակ հեռանալուց հետո դատարանն այլևս տվյալ գործով չպետք է քննարկի կողմերի ներկայացրած որևէ միջնորդություն և կայացնի որևէ որոշում:
Այս մասին, սակայն, օրենսդրությամբ հստակ ոչինչ նշված չէ:
Այժմ ներկայացնենք պրակտիկայում հաճախ հանդիպող մի խնդիր:
Այսպես.
Քաղաքացիական դատավարության օրենսդրությունը հնարավորություն է տալիս հայցի ապահովման միջնորդություն ներկայացնել դատավարության ցանկացած փուլում:
Առաջին հայացքից թվում է, թե սույն նորմը որևէ խնդիր չի կարող առաջացնել, ճիշտ հակառակը` կարող է նպաստել հայցվորի շահերի պաշտպանությանը, մինչդեռ պրակտիկայում նշված նորմի կիրառումը կարող է և շատ հաճախ առաջացնում է մի շարք խնդիրներ:
Պարզ լինելու համար նախ փորձենք հասկանալ` երբ է ավարտվում կոնկրետ գործով դատավարությունը:
Այս առումով պետք է հիշել, որ այս կամ այն գործի քննության ավարտը չի հանգեցնում նշված գործով դատավարության ավարտին:
Դատավարությունն ավարտվում է վճռի հրապարակմամբ:
Ի՞նչ է ստացվում. փաստորեն հայցի ապահովման մասին միջնորդությունը կարող է ներկայացվել նաև դատարանի` խորդրդակցական սենյակում գտնվելու ընթացքում, իսկ խորհրդակցական սենյակում գտնվելու ընթացքում դատավորն իրավասու չէ որևէ մեկի հետ խորհրդակցել, իսկ որևէ մեկն իրավասու չէ խախտել խորհրդակցական սենյակի գաղտնիությունը, բայց…
Նշված հարցը խնդրահարույց է նաև այն առումով, որ տարակարծությունների տեղիք է տալիս, քանզի որոշ մասնագետներ կարծում են, որ խորհրդակցական սենյակ հեռանալուց հետո գործի քննությունն ավարտվում է (դատարանը հաճախ գործի քննության ավարտը նույնացնում է դատավարության ավարտի հետ) և դատարանն այլև իրավասու չէ և չպետք է քննության առնի որևէ միջնորդություն, այդ թվում, հայցի ապահովման միջնորդություն:
Նման տարակարծություններից խուսափելու համար առաջարկում ենք օրենսդրորեն հստակեցնել` ո՞ր պահից է ավարտվում քաղաքացիական գործով դատավարությունը, ո՞ր պահից սկսած դատարանն այլևս իրավունք չունի քննության առնել կողմերի ներկայացրած միջնորդությունները(խոսքը վերաբերում է բոլոր միջնորդություններին), և որքանո՞վ է նպատակահարմար հայցի ապահովման միջնորդությունը քննության առնել գործի քննության ավարտից հետո` դատավորի` խորհրդակցական սենյակում գտնվելու ընթացքում:
Իրավաբան Գոհար Կոստանյան