Անձին կարող է ուղեկցել 1 մեքենա և առավելագույնը՝ 3 պահնորդ․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց նախագծին

Խորհրդարանը առաջինը ընթերցմամբ ընդունեց ««Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը՝ 63 կողմ, 1 դեմ, 32 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Ավելի վաղ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը հայտնել է, որ նախաձեռնության նպատակը մասնավոր պահնորդական գործունեության լավարկումն ու կանոնակարգումն է երեք ուղղություններով:

Առաջարկվում է մասնավոր պահնորդական գործունեության լիցենզիա ստանալու համար պետական տուրքի դրույքաչափը՝ բազային տուրքը, որը չի փոփոխվել օրենքի ընդունումից հետո եւ կազմակերպության գործունեության ամբողջ ժամանակահատվածի համար վճարվում է մեկ անգամ, 500-ապատիկի փոխարեն սահմանել 3000-ապատիկի չափով: Այս փոփոխությամբ ակնկալվում է, որ մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնելու լիցենզիա ստանալու համար կդիմեն եւ լիցենզիա կստանան միայն այն կազմակերպությունները, որոնք հստակ նպատակադրված են գործունեություն ծավալելու նշված ոլորտում եւ տիրապետում են անհրաժեշտ ֆինանսական, կադրային, սպառազինային ռեսուրսների:

Նաեւ առաջարկվում է հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողների՝ զենք կրելու թույլտվությունը նախատեսել որպես ֆիզիկական անձանց թույլտվության տեսակ, որը հնարավորություն կտա պահնորդին կամ թիկնապահին ունենալ զենք կրելու 5 տարվա թույլտվություն՝ անկախ գործատուի փոփոխությունից:

Նախատեսվում է, որ պահպանվող անձին կարող է ուղեկցել 1 մեքենա եւ առավելագույնը՝ 3 պահնորդ: Զեկուցողի խոսքով նաեւ առաջարկվում է, որ լիցենզիա ստանալու համար հայտ ներկայացնելիս կազմակերպությունը պետք է ունենա առնվազն 10 որակավորված պահնորդ՝ ներկայիս 1-ի փոխարեն:

Արմեն Մկրտչյանը պարզաբանել է, որ օրենքն ընդունվել է 2012 թվականին, որից հետո փոփոխություններ չեն կատարվել: Ներկայում էլ գրանցված է շուրջ 200 կազմակերպություն, որոնցից սակայն 20-30-ն է պահնորդական ծառայություն մատուցում: Բացի այդ՝ գործող օրենսդրությունը պատշաճ գործիքակազմ չի տալիս, որպեսզի վերահսկողություն իրականացվի ոլորտում, շահառուներին էլ մատուցվի պատշաճ ծառայություն: Զեկուցողն առաջարկվող փոփոխությունների ահրաժեշտությունը պայմանավորել է նաեւ հանրության անվտանգության ապահովման տեսանկյունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել