Գյումրիի նախկին քաղաքապետի որդին հարցաքննվել է որպես կասկածյալ. ոստիկանություն

25.01.2014 թ. ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնի Գյումրի քաղաքի Կումայրիի քննչական բաժանմունքում նախապատրաստվող նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին: Այս մասին հայտնում է ոստիկանության կայքը: 27.01.2014 թ. Սպարտակ Ղուկասյանը հարցաքննվել է որպես կասկածյալ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ հունվարի 22-ին ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել, որ Գյումրու նախկին քաղաքապետի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ընկերների հետ մեքենաներով մոտեցել է քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատանը և նրա հասցեին հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցրել: Դեպքը տեսանկարահանվել է տարածքում տեղադրված տեսախցիկներով: Հրապարակման առնչությամբ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Հանձնարարություններ են տրվել հետաքննական մարմնին` ձեռնարկելու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզելու դեպքի իրական հանգամանքները, ինչպես և ԶԼՄ-ներում զետեղված տեղեկատվության հավաստիությունը: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ արձանագրվել են տեսախցիկների առկայությունը, կնիքվել է տեսանկարահանող և պահպանող սարքերի սենյակը: Բացատրություններ են վերցվել հարևանությամբ բնակվող և աշխատող անձանցից: Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:

 

Լուսանկարը` hetq.am

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել