Քաղաքացին ահազանգել է․ «Աբու Հակոբ սենդվիչ» հանրային սննդի օբյեկտում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերք․ ՍԱՏՄ

Հանրային սննդի կետում կասեցվել է արտադրատեսակի արտադրությունը։ Այս մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։

«Անմիջապես ընթացք տալով քաղաքացու ահազանգին՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները վերահսկողություն են սկսել անհատ ձեռնարկատեր Ճորճ Քիլիսլյանին պատկանող «Աբու Հակոբ սենդվիչ» հանրային սննդի օբյեկտում (Երևան, Պուշկին փողոց), որի ընթացքում նմուշառել և լաբորատոր փորձաքննության են ներկայացրել «Տավարի մսով խճողակ» արտադրատեսակը։
Հետազոտությամբ պարզվել է, որ ներկայացված նմուշը «ՄԱՖԱնՄՔ» (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) և «ախտածին ա/թ սալմոնելաներ» ցուցանիշներով չի համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին, ուստի համարվում է վտանգավոր սննդամթերք։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Աբու Հակոբ սենդվիչ» հանրային սննդի օբյեկտում կասեցվել է «Տավարի մսով խճողակ» արտադրատեսակի արտադրությունը, սահմանվել է խախտումը վերացնելու ժամկետ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել