Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 15-ին, ժամը 14։00-ի սահմաններում, պայթյուն է տեղի ունեցել Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից հովվատանը։
Քննչական կոմիտեից Iravaban.net-ին հայտնեցին, որ հաղորդման առթիվ 2025 թվականի փետրվարի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հոդված 412․
Իրացնելու նպատակով մարդու կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումք կամ ապրանք պատրաստելը, պահելը, փոխադրելը, առաքելը, ձեռք բերելը կամ դրանք իրացնելը կամ այդպիսի աշխատանք կատարելը կամ ծառայություն մատուցելը, եթե այդ արարքն անզգուշությամբ մարդու առողջությանը միջին կամ թեթև ծանրության վնաս է պատճառել՝ պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով:
Նշենք, որ պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներ էր ստացել տեղի հոգևորականը։