«Եթե իմ հետ չապրես, կսպանեմ»․ «Կոկորդդ կկտրեմ»․ փորձել է սպանել նախկին կնոջը, սպառնացել է սպանել ոստիկանության ծառայողին

Բաբկեն Ա․-ին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ պահելու, կրելու, ապօրինի կերպով դանակ կրելու, նախկին կնոջ նկատմամբ զենքի և մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված դանակի գործադրմամբ սպանության, առողջությանը վնաս պատճառելու սպառնալիք հնչեցնելու համար։ Բացի այդ, պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, զենքի գործադրմամբ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիք հնչեցնելու համար:

Այս մասին Iravaban.net-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Գործը մակագրվել դատավոր Ժորա Չիչոյանին։ Դատարանը վճռել է  Բաբկեն Ա․-ին մեղավոր ճանաչել և հանցագործությունների համակցությամբ պատիժները լրիվ գումարելու միջոցով վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 5 տարի 6 ամիս ժամկետով և տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով՝ 375․000 ՀՀ դրամի չափով։

Նշվում է, որ Բաբկեն Ա.-ն 2024 թվականի սեպտեմբերի 9-ին Երևանի բնակարանում ապօրինի պահվող ատրճանակը և դանակը կրելով մարմնի վրա՝ հագին առկա տաբատի գոտկատեղի հետնամասում, նույն բնակարանում նախկին կնոջ՝ Կարինե Բ․-ի հետ զրուցելու ժամանակ գործադրել է  ատրճանակը, այն է՝ փողն ուղղել է Կարինե Բ․-ի դեմքի ուղղությամբ և հնչեցրել «Եթե իմ հետ չապրես, կսպանեմ» արտահայտությունը։ Դատական ակտը հրապարակվել է հունվարի 13-ին։

Այնուհետև, ատրճանակը դրել է սեղանին, փոխարենը հանել է մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող դանակը, այն պահել է նախկին կնոջ պարանոցի ուղղությամբ և հնչեցրել՝ «կոկորդդ կկտրեմ» արտահայտությունը, ինչին դիմադրել է Կարինե Բ․-ն՝ հրելով ձեռքը։

Այնուհետև, հանցավոր արարքը շարունակելու նպատակով տղամարդը բնակարանի խոհանոցում փորձել է բացել պահվող խոհանոցային դանակների պահարանը, սակայն Կարինե Բ․-ը՝ կրկին դիմադրել է։ Չկարողանալով բացել դարակը՝ տղամարդը ձեռքով բռնել է նրա պարանոցից և փորձել է խեղդել։ Կինը նրան հրելով փորձել է փախուստի դիմել, Բաբկեն Ա․-ը փակել է բնակարանի մուտքի դուռը, սակայն կինը բացել է, և հետևի մուտքից հեռացել։ Բաբկեն Ա․-ը սկսել է իր հետևից գնալ և ճանապարհին տեսնելով ծանոթ անձանց՝ հետ է գնացել։

Բաբկեն Ա․-ի թոռնուհին, տեղեկանալով դեպքի մասին, նույն օրը զանգահարել է ոստիկանություն և հայտնել կատարվածի մասին։ Ահազանգի կապակցությամբ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Արտյոմ Ա․-ը և տեսուչ Կարեն Խ․-ը ոստիկանական համազգեստով գնացել են նշված բնակարան, թակել են բնակարանի մուտքի դուռը, որը բացել է Բաբկեն Ա․-ը, վերջինիս ներկայացել են որպես ոստիկանության ծառայողներ և հայտնել են իրենց գալու նպատակը, ով պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով ձեռքում ատրճանակը մարտական վիճակի բերելուց հետո, ատրճանակի փողն ուղղել է դեպի ոստիկանության աշխատակցի կրծքավանդակը և վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիք հնչեցրել, այն է՝ «կսպանեմ» արտահայտությունը։ Այդ ընթացքում ոստիկանության աշխատակիցը փորձել է պատսպարվել, որի ժամանակ Բաբկեն Ա․-ը փակել է բնակարանի մուտքի դուռն:

Նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան 3 տարի ժամկետով։

Փորձաշրջանի նկատմամբ վերահսկողությունը դնել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանման վրա:

Առաջին ատյանի դատավճիռը բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարան, սակայն այն վարույթ չի ընդունվել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել