Վերմիշյանի գործի 3-րդ դրվագ․ պաշտպանը պնդում է՝  որևէ կերպ չի կարող հիմնավորվել Վերմիշյանի կաշառք ստանալու դիտավորությունը

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանին առաջադրված 3-րդ դրվագը վերաբերում է ենթադրյալ կաշառք ստանալուն։ Վերջինիս պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը Iravaban.net-ի հետ զրույցում նշեց՝ անհասկանալի է՝ ինչպես կարող են բետոնը և եվրոպատուհանները որակվել որպես կաշառքի առարկա։

Փաստաբանի խոսքով՝ Վահագն Վերմիշյանը զանգել է Գագիկ Գալստյանին, ասել, որ իրեն «պարտադիր գումարով» անհրաժեշտ է բարձր որակի ցեմենտ , ինչից հետո էլ ցեմենտն առաքվել է։

Նրանց հեռախոսազրույցի ձայնագրություններից պարզ է դառնում, որ Վերմիշյանն ասում է՝ «Գագիկ, պարտադիր գումարով խնդրում եմ հաշվարկեք, ինձ թիվը ասեք, պետք է լավ որակի ցեմենտ»։

«Երբ բախվեցին անհաղթահարելի արգելքին, մտածեցին՝ ինչ կարելի է դրա տակ դնել, դրեցին այն, որ Վահագն Վերմիշյանն այդ եվրոպատուհանների դիմաց պետական պատվերները պետք է ուղղորդեր դեպի Գագիկ Գալստյան և Վազգեն Պողոսյան, ու սա այն դեպքում, երբ այդ 2 անձանց ղեկավարած շինարարական ընկերությունները Հայաստանում ամենաառաջատար ընկերություններն են։

Մտել ենք մի տեղ, փորձում ենք իրավաբանություն, օրենք, դատավարություն փնտրել, որտեղ դա չկա, պարզապես կա 8 տարվա ազատազրկման  խնդիր»,-այս դրվագի վերաբերյալ ամփոփում է իր դիրքորոշումը պաշտպանը։

Դատական նիստերի ժամանակ վերոնշյալ դրվագով ևս Ալեքսանդր Կոչուբաևը մի շարք դիտարկումներ է կատարել, ընդգծել, որ Պողոսյանի և Գալստյանի խոսակցությունը որևէ ձևով չի կարող հիմնավորել Վահագն Վերմիշյանի մոտ կաշառք ստանալու դիտավորությունը։

Վահագն Վերմիշյանն առաջադրված մեղադրանքի բոլոր դրվագներով իրեն մեղավոր չի ճանաչել և արդարացում պահանջել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել