Մորաքրոջ որդուց կացին է խնդրել, որպեսզի սպանի նրան՝ տեղեկանալով, որ չունի, գնացել է իր տուն մուրճ ու դանակ վերցրել և վերադարձել

Գ․ Հ․-ն իր մորաքրոջ որդու՝ Ա․ Ն-ի բնակության վայր այցելության ժամանակ տեսել է վերջինիս պարանոցի ոսկյա շղթան։ Նա պլանավորել է սպանել մորաքրոջ որդուն և հափշտակել ոսկյա շղթան։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Գ․ Հ․-ն 2024 թվականի հոկտեմբերի 8-ին այցելել է Ա․ Ն-ին և պարզել է, որ վերջինս տանը միայնակ է։ Սակայն իր հետ չի ունեցել սպանելու համար նախապես վերցրած որևէ առարկա։ Նա փայտ կոտրելու պատրվակով վերջինից կացին է խնդրել, սակայն պարզելով, որ Ա․ Ն․-ն տանը կացին չունի, որոշել է վերջինին սպանել իր տանը գտնվող մուրճով:

Նա մորաքրոջ տղային խնդրել է սուրճ պատրաստել և գնացել է իրեն պատկանող տուն՝ մուրճը վերցնելու և դրանով իր մտադրված հանցագործություններն ավարտին հասցնելու համար։ Վերցրել է մուրճը, թաքցրել է պարկի մեջ, ինչպես նաև վերցրել է խոհանոցային դանակ և այն թաքցրել է գոտկատեղի շրջանում։ 15:00-ի սահմաններում վերադարձել է Ա․ Ն․-ի բնակության վայր:

Երբ Ա․ Ն․-ն նստել է մահճակալին, Գ․ Հ․-ն պարկից աննկատ հանել է մուրճը և առնվազն 4 անգամ հարվածել է մորաքրոջ որդու գլխին։

Տեսնելով, որ Ա․Ն-ն անշարժացել է, իր հետ նախապես վերցված դանակով կտրելով վերջինի պարանոցին առկա ոսկյա շղթան և հափշտակելով դրա մանր չափերով՝ 65.000 դրամ արժողությամբ 36,5 սմ երկարությամբ մի հատվածը՝ վերադարձել է իր տուն: Այնուհետև գնացել է Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում գործող առևտրի կենտրոններից մեկը, որտեղ հափշտակված ոսկյա շղթայի մասը 65.000 ՀՀ դրամով վաճառել է։

Գործը դատարան է ստացվել փետրվարի 7-ին։

Գ․ Հ․-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի հատկանիշներով (Սպանություն՝ որը կատարվել է շահադիտական դրդումներով) և 252-րդ հոդված 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով (Ավազակությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել