Ապօրինի գույքի բռնագանձման համակարգը հաջողությամբ գործում է. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձանագրել է, որ Հայաստանում ներդրված ապօրինի գույքի բռնագանձման համակարգն աշխատում է հաջողությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետ Փաշինյանը նշել է «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրված տեսանյութում։

«Շատերդ եք լսել ասացվածքը, որ եթե ուզում ես մարդուն կերակրել, ոչ թե նրան ձուկ տուր, այլ նրան սովորեցրու ձուկ բռնել»,-նշել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հավելել է, որ կառավարությունն այս ասացվածքի առաջարկած տրամաբանությամբ է առաջնորդվել՝ Հայաստանում ապօրինի գույքի վերադարձի համակարգը ներդնելիս, որը վերաբերվում է ապօրինի կերպով սեփականաշնորհված և կոռուպցիոն միջոցներով ձեռք բերված գույքերին և օրենքով նախատեսված այլ դեպքերի։

«Շատ կարևոր է արձանագրել, որ այս համակարգը այլևս ներդրված է Հայաստանում և աշխատում է հաջողությամբ։ Ես առիթ ունեցել եմ ներկայացնելու այն գույքերը, որոնք արդեն իսկ վերադարձվել են Հայաստանի Հանրապետությանը, ընդ որում օրենսդրական տարբեր մեխանիզմների գործադրմամբ և ուզում եմ այս համատեքստում երկու բան արձանագրել: Առաջինը՝ ապօրինի գույքի վերադարձի և ընդհանրապես պետական շահի և համայնքային շահի համակարգով ապօրինի կերպով ձեռք բերված գույքերի վերադարձի համակարգը վերաբերվում է, այո, նախկինում տեղի ունեցած այդ երևույթներին, 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխությունից առաջ տեղի ունեցած նմանատիպ երևույթներին, բայց վերաբերվում է նաև հեղափոխությունից հետո տեղի ունեցող, տեղի ունեցած նման հնարավոր դեպքերին և երևույթներին։ Եվ ահա սա այն է, որ արժևորում է ներդրված համակարգը, որովհետև համայնքային ու պետական շահերի պաշտպանության տանիքի ներքո այդ ապօրինի գույքերի միջոցների վերադարձը թիրախավորում է ոչ թե կոնկրետ ժամանակաշրջան, այլ թիրախավորում է կոնկրետ երևույթ»,-ասել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ ժողովրդից տարված գույքը, պետությունից գողացված և ապօրինի ձևով ձեռք բերված գույքը պետք է վերադարձվի պետությանն, այսինքն՝ ժողովրդին։

«Եվ ես այսօր ուզում եմ արձանագրել, որ այդ համակարգը ներդրված է, գործում է, ինչի առիթով ուզում եմ շնորհավորել բոլորիս, որովհետև դա 2018 թվականի հեղափոխության կարևոր խնդիրներից մեկն էր: Եվ ուզում եմ արձանագրել, որ այն ինչ խոստացել էինք, ահա իրականացված է, ներդրված է և այս ներդրված համակարգը հատիկ առ հատիկ  վերադարձնելու է ժողովրդից գողացված բոլոր գույքերը»,-եզրափակել է Հայաստանի վարչապետը:

Ապօրինի ծագում ունեցող գույքիօ բռնագանձման մասին օրենքը Հայաստանում գործում է 2020 թվականի ապրիլից։ Այս պահին ընթացքի մեջ են ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձի բազմաթիվ հայցադիմումներ, մի շարք դեպքերում ապօրինի ծագում ունեցող գույքն արդեն իսկ վերադարձվել է պետությանը։

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել