Կառավարության 2025 թվականի հունվարի 16-ի հերթական նիստին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը հանդես եկավ ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը հաստատելու մասին զեկույցով։
«Մեզ՝ որպես լիազոր մարմին, և ՆԳՆ ոստիկանությանն ուրախացնում է այն հանգամանքը, որ մենք հարևանների կողմից ենք սկսել ստանալ ահազանգեր, օրինակ՝ այս շենքում երեխայի ձայն է պարբերաբար լսվում, նախորդիվ մեր հասարակության կողմից նման արձանագրումներ տեղի չէին ունենում, սա շատ կարևոր է մեզ համար»,-նշեց նա։
Այս հայտարարության վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Որովհետև մտածում էին, ասում էին՝ դե իրա երեխեն ա, ինչ ուզում ա, անում ա, կամ իր ա կինն ա ինչ ուզում, անում ա, ուզում ա՝ ծեծում ա, ակնհայտ ա, որ երեխաներն ու կանայք են բռնության զոհ դառնում։ Ես, օրինակ, սենց եմ մտածում՝ եթե որևէ մեկը հասել ա նրան, որ կարա սեփական երեխայի նկատմամբ բռնություն գործադրի, դա ընդամենը արձանագրում ա, որ մենք նախկինում ինչ-որ բան սխալ ենք արել, և, հետևաբար, երեխայի նկատմամբ բռնություն գործադրել պետք չի, ինչպես ասում են՝ պետք է սեփական գլուխը պատերով տալ և ոչ թե երեխայի նկատմամբ բռնություն գործադրել»։
Հարցին, թե արդյոք կան ֆիզիկական ենթակառուցվածքներ, Ստեփանյանը պատասխանեց՝ ռեաբիլիտացման ծրագրի իրականացման համար ՀԿ-ները հանդես են գալիս իրենց տարածքով, նախարարությունը ֆինանսավորելու է պետական բյուջեով աշխատավարձերը և մյուս ծառայությունների մասը որը անհրաժեշտ է լինելու այլ ծախսերի համար։
Որոշումն ընդունվեց, ավելի մանրամասն՝ այստեղ։
Մանրամասները՝ տեսանյութում։