Ռուսաստանի Դաշնության կառավարությունը կարգ է հաստատել, ըստ որի պետական պաշտոնյաները, որոնք 3000 ռուբլին գերազանցող նվեր են ստացել, պետք է հանձնեն դրանք, սակայն ցանկության դեպքում կարող են գնել: Մինչև 3000 ռուբլի արժողությամբ նվերները պետական ծառայողները կարող են թողնել իրենց: Այս մասին հայտնում է РИА Новости-ին:
Նվերներ են համարվում այն իրերը, որոնք ստացվել են նվեր ստացողի ծառայողական դիրքից ելնելով: Սակայն ծաղիկները, պարգևները և գրենական պիտույքները, որոնք ստացվել են պաշտոնական միջոցառումների շրջանակներում նվերներ չեն համարվելու: Պետական պաշտոնյաները պարտավոր կլինեն գործատուին հայտնել նվերներ ստանալու մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում` դրա մասին երկու օրինակից գրավոր փաստաթուղթ կազմելով և նրան համապատասխան կտրոն կցելով:
Այն նվերը, որի արժեքը հավաստվում է փաստաթղթերով և գերազանցում է 3000 ռուբլին կամ որի արժեքը այն ստացած պաշտոնյաին հայտնի չէ, հանձնվում է լիազորված ստորաբաժանման կամ կազմակերպության պատասխանատու անձին, որն ընդունման-հանձնման ակտի հիման վրա ի պահ է ընդունում նվերը ոչ ուշ քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում այն օրվանից, երբ համապատասխան գրանցում է կատարվել հատուկ մատյանում:
Նվերի արժեքը որոշվելու է շուկայական արժեքի հիման վրա: Եթե այն չի գերազանցում 3000 ռուբլին, ապա պաշտոնյան կարող է թողնել այն իրեն: Եթե գերազանցում է, ապա այն ներառում են դաշնային կամ տարածքային ունեցվածքի ռեեստրում:
Պաշտոնյաները կարող են գնել նվերը, դրա մասին դիմում ներկայացնելով նվերը հանձնելու օրվանից երկու ամսվա ընթացքում: Հակառակ դեպքում նվերը կմնա պետության տնօրինման տակ և վերջինս կարող է վաճառել, նվիրել բարեգործական կազմակերպությանը կամ ոչնչացնել այն: