Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության այն հայտարարությանը, որում ասվում է որ ԱՍՀՆ-ն մշակել է 2025 թվականից գործարկման նախատեսվող նորացված աջակցության ծրագիր։
«ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացրել է, որ «40+10 հազար» աջակցության ծրագիրը կշարունակվի մինչև ապրիլ, այնուհետև կգործի միայն հատուկ խմբերի համար։
Ուշագրավ է, որ այդ հայտարարության մեջ հատուկ շեշտվում է, որ այս որոշումը կայացվել է արցախցիների հետ տարբեր ձևաչափերով կայացած հանդիպումների և դրանց շրջանակում ստացած առաջարկ-դիտարկումների արդյունքում։
Հետաքրքիր է՝ այդ ո՞ր արցախյան շրջանակների հետ են քննարկել ու եկել արցախցիների շահերին տրամագծորեն հակասող այս որոշմանը, միգուցե սա ուղղակի մի հերթապահ արտահայտություն է, որ օգտագործում են այս անիմաստ որոշումը լեգիտիմացնելու համար։
Իսկ եթե այնուամենայնիվ արցախյան որևէ շրջանակի հետ իրապես հանդիպում եղել է, և այս որոշման համար հիմք է հանդիսացել նրանց առաջարկ-դիտարկումները, ապա արցախյան հանրությունը պետք է իմանա, թե ո՞վքեր են այդ մարդիկ, որ իրենց իրավունք են վերապահում արցախցիների անունից խոսել և նրանց շահերին հակասող առաջարկ-դիտարկումներ ներկայացնել։
Հ․Գ․ Տեղեկացված եմ, որ Արցախի ԱԺ-ի և կառավարության ներկայացուցիչների հետ նման քննարկումներ չեն եղել»,-գրել է Գեղամ Ստեփանյանը։
Ստորև ներկայացնում ենք նախարարության հայտարարությունը։
«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է 2025 թվականից գործարկման նախատեսվող նորացված աջակցության ծրագիր։
Միջոցառման մշակման գործընթացում հաշվի են առնվել ԼՂ հայրենակիցների հետ տարբեր ձևաչափերով կայացած հանդիպումները և դրանց շրջանակում ստացած առաջարկ-դիտարկումները։
Ըստ այդմ, ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով՝ 2025 թ․ նախատեսվում է տրամադրել աջակցության ծրագիրը հետևյալ ձևաչափերով․ 2025 թ. հունվար-մարտ ամիսների համար աջակցության ամսական չափը կկազմի 50,000 դրամ՝ նույն շահառու խմբերի համար։ Գործող միջոցառման շրջանակում տրամադրվող 10,000 դրամ աջակցության բաղադրիչն այլևս չի շարունակվի։
2025 թ․ ապրիլ ամսվանից նախատեսվում է սոցիալական աջակցություն տրամադրել բռնի տեղահանված առանձին խմբերի այն անձանց, ովքեր փաստացի բնակվում են ՀՀ-ում, հաշվառված են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից և`
• ունեն 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան,
• 63 և ավելի տարեկան են,
• ստանում են կերակրողին կորցնելու դեպքում նպաստ,
• մինչև 18 տարեկան երեխա են։
Այս դեպքում՝ սոցիալական աջակցության ամսական չափը յուրաքանչյուր շահառուի համար նախատեսվում է՝
• 2025 թ. ապրիլ ամսվանից մինչև հունիս ամիսը ներառյալ՝ 40,000 դրամ,
• 2025 թ․ հուլիս ամսվանից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ՝ 30,000 դրամ»: