«Կարծում եմ՝ տիկին Գալյանն իր վերջին դիրքում բավականին լուրջ հաջողություններ է ունեցել»․ Հարությունյանը՝ Արդարադատության նախարարի պաշտոնում Սրբուհի Գալյանին նշանակելու մասին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ ճեպազրույցում հարցին, թե արդյոք սկզբունքային է եղել Սրբուհի Գալյանին արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրելը, Հարությունյանն ասաց․

«Սկզբունքային չի եղել, որովհետև դուք գիտեք, որ եղել է նախարարի 3 կին և 2 տղամարդ թեկնածու, և ընտրությունը նրա վրա է կանգ առել, հաշվի են առնվել բազմաթիվ հանգամանքեր, բայց քանի որ այդ քննարկումը եղել է փակ, ես սրանով կսահմանափակվեմ։

Բնականաբար, մասնագիտական կարողություններն են հաշվի առնվել, որովհետև Դուք գիտեք՝ մենք այլ թեկնածուներ ենք առաջադրել։ Կարծում եմ՝ տիկին Գալյանը, մասնավորապես, իր վերջին դիրքում բավականին լուրջ հաջողություններ է ունեցել ինստիտուտի կայացման առումով (Դատախազությունում), դա նույնպես հաշվի է առնվել»։

Մյուս հարցին՝ արդյոք գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից տեղափոխվելու դեպքում նրա գործը շարունակողին կարողանալու են գտնել, թե ոչ, Հարությունյանը պատասխանեց՝ այդ հարցն անձամբ ուղղել է Գալյանին․ «Ես կարող եմ ասել՝ տիկին Գալյանը հավաստիացրել է՝ ինստիտուցիոնալ առումով այնտեղ կարողություններ են զարգացել, և այդ աշխատանքը կարող են այնտեղ արդյունավետությամբ շարունակել»։

Լրագրողի հարցին, թե որն էր մեծ աշխատանքը, ասաց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի կայացումն է․ «Ես կարծում եմ՝ կարելի է ջանք գործադրել և ուսումնասիրել բազմաթիվ փորձեր, տեսնել, որ նման ինստիտուտի կայացումը, որին ձեռնամուխ ենք եղել 4 տարի առաջ, կայանում է շատ ավելի մեծ ժամանակահատվածում այլ երկրներում, և արդյունավետ ենք համարում այն, որ ինստիտուտը մեզ մոտ ավելի կարճ ժամանակահատվածում է կայացել»։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել