ՕՀՄ խոսակցությունները կոնտեքստից կտրելը և դրանցով մեղադրանք հիմնավորելը ազնիվ չէ. փաստաբան Կոչուբաև

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում դատավոր Կարեն Ամիրյանի նախագահությամբ և դատավորներ Արմեն Հովհաննիսյանի ու Մեսրոպ Մակյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործով դատական նիստը:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս դատական նիստին ճառերով հանդես եկան դատախազ Ծովակ Մնացականյանն ու Վահագն Վերմիշյանին պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը։

Ալեքսանդր Կոչուբաևն իր եզրափակիչ ելույթը սկսեց Վահագն Վերմիշյանին առաջադրված մեղադրանքներից առաջին՝ կաշառք ստանալու դրվագով, որը վերաբերում է Ջիմ Թորոսյանի հուշամեդալների ձեքբերմանը։

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Վազգեն Պողոսյանը Գագիկ Գալստյանի հետ նպատակ ունենալով ստանալու ՀՀ վաստակավոր շինարարի պատվավոր կոչում, ինչպես նաև պետական և մասնավոր պատվերները «Երևան Շին» և «Հորիզոն-95» ընկերություններին տրամադրելու շահադիտական շարժառիթներով պայմանավորված 2019 թվականի օգոստոս ամսին դիմել են Վահագն Վերմիշյանին, որպեսզի վերջինս իրականություն դարձնի իրենց մտադրությունները:

Գագիկ Գալստյանը նախնական համաձայնության գալով Վազգեն Պողոսյանի հետ՝ այցելել է Վահագն Վերմիշյանի աշխատասենյակ և հիշյալ նպատակով որպես առանձնապես խոշոր չափերով կաշառք նրան տվել է 5 հազար դոլար գումար։

Պաշտպանն ասաց՝ այն, որ Գագիկ Գալստյանը հինգ հազար դոլարին անվանում է 5 գիրք կամ հինգ աշխատող, դա չի կարող վերագրվել Վահագն Վերմիշյանի կողմից որպես կաշառք ստանալու փաստարկ․ «Այլ անձանց խոսույթը չի կարող հիմք հանդիսանալ արարքի փաստական կողմը հիմնավորելու համար»։

Պաշտպանական կողմի մատնանշած փաստարկների համաձայն՝ Վերմիշյանը նախաքննական ցուցմունքի վերաբերյալ տվել է համապատասխան բացատրություններ, բացի այդ, դրանք ստացվել են առանց փաստաբանի։ Գագիկ Գալստյանի և Վազգեն Պողոսյանի խոսակցությունները վերաբերել են եվրոպատուհաններին և ցեմենտին։ Հանձնման ընդունման ակտին և վճարման փաստին վերաբերող փաստաթղթերը օրինական են, սակայն առանց դրա էլ որևէ հիմք չկա ենթադրելու, որ Վ. Վերմիշյանը դրա հետ ունի առնչություն։

Վահագն Վերմիշյանը մերժել է Գագիկ Գալստյանի առաջարկած գումարը Ջիմ Թորոսյանի հուշամեդալների ձեռքբերման համար՝ ասելով. «Չէ, չէ, չտաս, տենց բան չանես, ինձ պետք չի»: Կոչուբաևը նշում է, որ ժամանակագրական անհամապատասխանություն կա, քանի որ միջնորդությունը ներկայացվել է սեպտեմբերի 19-ին, գումարը փոխանցվել՝ հոկտեմբերի 23-ին։

Պաշտպանը կրկին պնդեց՝ նախաքննության ընթացքում քննչական ենթակայության խախտումներ են տեղի ունեցել․ «ՕՀՄ-ով արձանագրված խոսակցությունները բերել, կոնտեքստից կտրել ու փորձել հիմնավորել մեղավորությունը, կարծում եմ՝ այդքան էլ ազնիվ զբաղմունք չէ»։

Վահագն Վերմիշյանն առաջադրված մեղադրանքի բոլոր դրվագներով իրեն մեղավոր չի ճանաչում և արդարացում է պահանջում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել