Դատավարական իրավունակությունն ու գործունակությունը վարչական դատավարությունում

Վարչական դատավարության ընթացքում անձի իրավունակությունը և գործունակությունը սահմանված են ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքով: Դատավարական իրավունքներ ունենալու և դատավարական պարտականություններ կրելու ունակությունը, դատավարական իրավունակությունը ճանաչվում է բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց համար հավասար չափով: Իրավաբանական անձանց համար ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքով սահմանված դրույթները վերաբերում են նաև հիմնարկներին:

Ֆիզիկական և իրավաբանական անձինք օժտված են դատարանում իրենց գործողություններով իրավունքներ իրականացնելու և պարտականություններ ստանձնելու ունակությամբ, դատավարական գործունակությամբ: Դատավարական գործունակությունը ֆիզիկական անձանց համար լրիվ ծավալով ծագում է՝

1) տասնութ տարեկան դառնալու պահից.

2) էմանսիպացիայի պահից.

3) մինչև տասնութ տարին լրանալը` օրենքով սահմանված կարգով ամուսնանալու պահից:

Դատավարական գործունակությունը իրավաբանական անձանց համար ծագում է պետական գրանցման, իսկ հիմնարկների համար՝ ստեղծման պահից:

Տասնչորսից տասնութ տարեկան անչափահասների, ինչպես նաև սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացիների իրավունքները, ազատությունները վարչական դատավարությունում ներկայացնում են նրանց օրինական ներկայացուցիչները: Վարչական դատարանը պարտավոր է նրանց ծանուցել գործի քննության տեղի և ժամանակի մասին: Նրանց չներկայանալը արգելք չէ գործի քննության համար:

Օրենքով նախատեսված դեպքերում իրավահարաբերություններից ծագող գործերով տասնչորսից տասնութ տարեկան անչափահասները կարող են ինքնուրույն ներկայացնել իրենց շահերը։ Նման դեպքերում դատարանը կարող է մասնակից դարձնել նրանց օրինական ներկայացուցիչներին։

Տասնչորս տարեկան չդարձած անչափահասների, ինչպես նաև անգործունակ ճանաչված քաղաքացու իրավունքները և ազատությունները դատավարությունում ներկայացնում են նրանց օրինական ներկայացուցիչները՝ ծնողը, խնամակալը, հոգաբարձուն և օրենքով նման իրավունք ունեցող այլ անձինք։

Գործի քննության ընթացքում տասնչորսից տասնութ տարեկան անչափահասները, ինչպես նաև սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացիները լսվելու իրավունք ունեն: Վարչական դատարանը կարող է տասնչորս տարեկան չդարձած անչափահասին կամ անգործունակ ճանաչված քաղաքացուն ընձեռել գործի քննության ընթացքում լսվելու իրավունք:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել