Կառավարությունը հնարավորություն կստանա առանց արտոնագրատիրոջ համաձայնության օգտագործել գյուտը․ նոր նախագիծ

Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագիծը որով առաջարկվում է Կառավարությանն իրավունք վերապահել արտակարգ իրավիճակներում կամ ծայրահեղ անհրաժեշտության այլ հանգամանքներում ազգային անվտանգության, սննդի, առողջապահության (ներառյալ՝ բժշկական ապրանքների հասանելիության և մատչելիության բացակայությունը) կամ կենսական այլ անհրաժեշտության ապահովմամբ պայմանավորված, երբ դա պահանջում է հասարակության շահը, թույլատրել առանց արտոնագրատիրոջ համաձայնության գյուտի օգտագործումը՝ վերջինիս այդ մասին տեղեկացնելով ամենասեղմ ժամկետում և համաչափ փոխհատուցում վճարելով:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Միաժամանակ, առաջարկվում է վերոնշյալ փոխհատուցման ենթակա գումարի չափը և վճարման կարգը որոշելու ընթացակարգը ևս հաստատել Կառավարության որոշմամբ․

«Օրենքի նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կդառնա արտակարգ իրավիճակներում կամ ծայրահեղ անհրաժեշտության այլ հանգամանքներում, երբ իրավիճակը պահանջում է անհապաղ միջոցներ ձեռնարկել մարդկային կյանքեր փրկելու համար, ամենասեղմ ժամկետներում կայացնել որոշում՝ առանց արտոնագրատիրոջ համաձայնության գյուտի օգտագործումը թույլատրելու վերաբերյալ:

Վերոնշյալը նաև հնարավորություն կընձեռի դեղագործական արդյունաբերության ոլորտի տնտեսվարողներին արտադրելու մինչ այդ չարտադրված արտադրատեսակներ՝ ապահովելով ինքնաբավություն ոլորտում, ինչպես նաև ներմուծման կրճատում՝ ի հաշիվ տեղական արտադրության ավելացման։

Մասնավորապես, առաջարկող փոփոխությունը կարող է արդյունավետ օգտագործվել հասարակության առողջության պահպանման նպատակով՝ հակազդելով վարակիչ հիվանդությունների տարածմանը և արտակարգ իրավիճակներում հանդիսանալ դեղերի, բժշկական ապրանքների հասանելիության ու մատչելիության բացակայությունը լրացնելու, ներմուծումը կրճատելու, արտադրության ծավալներն ավելացնելու օպտիմալ ճանապարհ:

Այսպիսով, այն հնարավորություն կընձեռի թվարկված իրավիճակներում ամենասեղմ ժամկետներում սպասարկել հասարակության շահը, սեփական միջոցների վրա հիմնվելով լինել ինքնաբավ, ինչը նման իրավիճակներին դիմագրավելու կարևորագույն նախապայմաններից է»,-ասված է հիմնավորման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել