Հրայր Թովմասյանի հայտարարությունը դատարանում

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը հայտարարությամբ հանդես եկավ։

«Հարգելի ներկաներ, ես ունեմ փոքրիկ հայտարարություն, որով ցանկանում եմ իմ մտահոգությունը հայտնել, ըստ էության, վերջին մի քանի նիստերի ընթացքում դատարանի կայացրած որոշումների առնչությամբ։ Կարծում եմ, որ իմ այս հայտարարությունն օգտակար կլինի առաջացած որոշ հարցերի պարզաբանելու և այդ որոշումների արդյունքում իմ կարծիքով՝ իր բնական հունից շեղված դատական պրոցեսը բնական ուղղի բերելու համար և կխնդրեմ դատարանին, եթե նպատակահարմար կհամարի, պատեհ առիթով որոշակի պարզաբանումներ տա այդ գործերի վերաբերյալ։ Կարծում եմ, որ բնական հուն բերելը դատական պրոցեսը, կօգնի և՛ դատարանին, և՛ մեզ այս դատական պրոցեսը իր տրամաբանական ավարտին հասցնել։

Հարկ եմ համարում նշել, որ 4․5 տարվա ընթացքում դատաքննության ընթացքում որևէ էական միջադեպ խոչընդոտ ըստ էության չի եղել։ Դատական ողջ պրոցեսը, անկախ դիրքորոշումներից, ընթացել է բավականին կառուցողական մթնոլորտում և փոխադարձ հարգանքի պայմաններում, կարող եմ ասել, որ վերջին որոշումներից էլ իմ հարգանքը առ դատարան չեմ փոխել և ճշմարտության դեմ չմեղանչելու համար ասեմ, որ դա փոխադարձ է եղել դատարանի կողմից։

Մի գուցե նման մթնոլորտի ստեղծմանն օժանդակել է նաև այն հանգամանքը, ներողություն եմ խնդրում լրատվամիջոցներից, որ լրատվամիջոցները ներկա չէին։ Ամենասկզբից դա իմ խնդրանքն էր, որովհետև օրվա իշխանությունները ցանկանում էին 2020 թվականի ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի օրը ինձ տեսնել մեղադրյալի առթոռին և ես ամեն ինչ անում էի, որ դա չլինի։ Դրանից հետո, պայմանավորված էր այն հանգամանքով, որ երկրում ստեղծված իրավիճակներն ու խնդիրները շատ ավելի կարևոր էին, քան թե այն դատական նիստը, որի հերոսը ես եմ։ Ես չեմ ցանկացել, որ ինձ առնչվող դատական գործը դառնա հանրային քննարկման առարկա, մյուս կողմից։ Ցավով պետք է արձանագրեմ, որ սույն թվականի հունիսի 22-ի նիստից սկսած դատարանի գործողություններն առնվազն ինձ մոտ հիմնավոր կասկած են հարուցում, այդ թվում նաև անաչառ դիտորդի մոտ են նման կասկած հարուցում, որ այն գործողությունները, որոնք կատարվում են, այնքան էլ լեգիտիմ նպատակներ չեն հետապնդում։ Ամեն ինչ սկսվեց գործից մաս անջատելով։ Ֆորմալ հիմքը այն էր, որ գործով մյուս ամբաստանյալ պարոն Փանոսյանը առողջական խնդիրներ ունենալու պատճառով բացակայել է։ Դատարանն առանց պարզելու հիվանդության բնույթը, դրա կարևոր շարունակության ժամկետը որոշել է այդ մասով անջատել գործը։ Ուշագրավ է, որ մաս անջատելու վերաբերյալ խոսեց նաև մեղադրող դատախազը՝ ասելով, որ, եթե գործի քննությունը նորից է սկսվելու, ապա մեզ հնարավորություն չտրվեց դրա վերաբերյալ կարծիք արտահայտելու, բայց գործնականում ստացվել է այնպիսի վիճակ, որ գործը մակագրվել է նոր դատավորի»,-ասաց նա։

 Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել