Միջազգային ի՞նչ պարտավորություններ ունի պետությունը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ

Հայաստանի կողմից վավերացված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) համաձայն՝ մասնակից պետությունները պարտավորվում են ապահովել և օժանդակել հաշմանդամություն ունեցող անձանց` մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների լիակատար իրականացմանը` առանց հաշմանդամության պատճառով որևէ խտրականության: Այս նպատակով մասնակից պետությունները պարտավորվում են.
ա. ձեռնարկել համապատասխան օրենսդրական, վարչական և այլ միջոցներ Կոնվենցիայով սահմանված իրավունքների իրականացման համար.
բ. ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները, ներառյալ օրենսդրության ընդունումը, փոփոխելու կամ չեղյալ հայտարարելու համար գործող այն օրենքները, կանոնակարգերը, սովորույթները և գործելակերպերը, որոնցում առկա է խտրականություն հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ.
գ. հաշվի առնել հաշմանդամություն ունեցող անձանց` մարդու իրավունքների պաշտպանությունը և աջակցել դրանց իրականացմանը ռազմավարությունների և ծրագրերի միջոցով.
դ. ձեռնպահ մնալ Կոնվենցիային հակասող ցանկացած գործողության կամ գործընթացի մասնակցելուց և ապահովել, որ պետական իշխանություններն ու հաստատությունները գործեն Կոնվենցիայի համաձայն.
ե. ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները` բացառելու համար հաշմանդամության պատճառով խտրականությունը որևէ անձի, կազմակերպության կամ մասնավոր ձեռնարկության կողմից.
զ. նախաձեռնել և նպաստել Կոնվենցիայով սահմանված` համընդհանուր ձևավորում ունեցող ապրանքների, ծառայությունների, սարքավորումների և հաստատությունների վերաբերյալ հետազոտություններին և զարգացումներին, որոնք կպահանջեն նվազագույն հարմարեցում և ծախսեր` բավարարելու համար հաշմանդամություն ունեցող անձանց հատուկ կարիքները, կխթանեն դրանց մատչելիությունն ու գործածումը, ինչպես նաև կնպաստեն համընդհանուր ձևավորման կիրառմանը չափորոշիչներ ու ուղեցույցներ մշակելիս.
է. նախաձեռնել նոր տեխնոլոգիաների վերաբերյալ հետազոտություններ և զարգացումներ և նպաստել դրանց, ինչպես նաև խթանել դրանց մատչելիությունն ու գործածումը, ներառյալ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները, շարժունակություն ապահովող պարագաները, սարքերը և օժանդակող տեխնոլոգիաները, որոնք համապատասխանում են հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին, նախընտրելով նվազագույն ծախսեր պահանջող տեխնոլոգիաներ.
ը. հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի տեղեկատվություն տրամադրել շարժունակություն ապահովող պարագաների, սարքերի և օժանդակող տեխնոլոգիաների, այդ թվում` նոր տեխնոլոգիաների, ինչպես նաև օգնության այլ ձևերի, աջակցող ծառայությունների ու հարմարությունների մասին.
թ. խթանել մասնագետների ու հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող անձնակազմի ուսուցումը Կոնվենցիայով սահմանված իրավունքների մասին` նպատակ ունենալով բարելավել տրամադրվող աջակցությունն ու ծառայությունները, որոնք երաշխավորված են այդ իրավունքներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել