Դատավորների միության խորհուրդը ՄԻՊ-ի զեկույցը համարում է հակապետական

Հայաստանի Հանրապետության դատավորների միության խորհուրդը խստորեն դատապարտում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից 09.12.2013թ. հրապարակված «Արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ» հակապետական, հակաօրինական, իրականությանը բացարձակ չհամապատասխանող, սիրողական մակարդակի ուսումնասիրությունների վրա հիմնված, դատական իշխանությունն ու դատավորի բարձր կոչումը նսեմացնող արտահերթ զեկույցը:

Հայաստանի Հանրապետության դատավորների միության խորհուրդը
հայտարարում է.

• հիմնազուրկ դատողություններից բաղկացած հիշատակված զեկույցը պետական և հասարակական կարգի ապակայունացման լուրջ վտանգ է պարունակում, որը միտված է դատական իշխանության նկատմամբ հանրության շրջանում թյուր պատկերացումների ձևավորմանը

• զեկույցն ամբողջությամբ երևակայության արդյունք է և արժեզրկում է ոչ միայն արդարադատության իմաստն ու բովանդակությունը, այլ նաև այդօրինակ երևակայություն ունեցողի իրական առաքելության իմաստը

• պրոֆեսիոնալ մարմինը գրավոր, թե բանավոր խոսքով հանդես գալու ժամանակ պետք է և պարտավոր է ներկայացնել միայն փաստ, եղելություն կամ վերլուծություն ու, բնականաբար, ուսումնասիրությունների չափելի ու համադրելի արդյունքներ, որպիսիք զեկույցում իսպառ բացակայում են

• զեկույցում փողոցային բամբասանք հիշեցնող անհեթեթ տեղեկություններ ներառելը հարիր չէ իրավական պետության Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին՝ ընդհանրապես և այդ պաշտոնը զբաղեցնող անձին՝ մասնավորապես:

Հայաստանի Հանրապետության դատավորների միության խորհուրդն ավելորդ չի համարում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հիշեցնել.

• Պաշտպանն իր լիազորություններն իրականացնելիս պարտավոր է ղեկավարվել օրինականության, հասարակական համակեցության և սոցիալական արդարության հիմնարար սկզբունքներով, ենթարկվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին, ինչպես նաև միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին և նորմերին («Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 5-րդ հոդվածներ)

• Պաշտպանը պետք է տեղյակ լիներ բազմաթիվ միջազգային ակտերի գոյության մասին, որոնցում ամրագրված է դատարանների հեղինակությունը հարգելու և այն արատավորող գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալու պահանջը, որն ուղղված է դատարանների անկախությունն ապահովելուն:

Հայաստանի Հանրապետության դատավորների միության խորհուրդը, անթույլատրելի համարելով հանրության մոտ դատարանների ու դատավորների վերաբերյալ անվստահություն սերմանելու դիտավորությունը, կարևորելով դատարանի՝ որպես արդարադատություն իրականացնող միակ մարմնի հեղինակությունը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից պահանջում է.

• հարգել դատավորի սահմադրական կարգավիճակը 

• անշեղորեն պահպանել օրինականության սկզբունքը

• ձեռնպահ մնալ դատարանի հեղինակությունն արատավորող հիմնազուրկ դատողություններ հրապարակելուց:

 

ՀՀ դատական դեպարտամենտի տեղեկատվական կենտրոն

Լուսանկարը` dataran.am

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել