Մանկական վիրաբուժական հիվանդությունների կլինիկայի ղեկավար, Մանկական վիրաբուժության ամբիոնի դոցենտ Նիկոլայ Դալլաքյանի խոսքով՝ 25 տարվա անպտղությունից հետո 47-ամյա կինը հղիության մասին լուրն իմացել է ծննդաբերելուց րոպեներ առաջ: Այս մասին հայտնում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«Երկար սպասված փոքրիկին ծննդաբերել է անսպասելի՝ կեսարյան հատմամբ: Նորածինն ունեցել է աղեստամոքսային տրակտի կյանքի հետ անհամատեղելի ծանր բնածին զարգացման արատ: Երեխան տեղափոխվել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոց, վիրահատվել է և առողջացած դուրս է գրվել: «Բնականաբար սկզբնական շրջանում նորածինը կլինի մեր հսկողության տակ, սակայն պետք է նշեմ, որ նույնիսկ վիրահատական սպին կոսմետիկ է դրված, և նա ապագայում չի էլ հիշելու, որ նման խնդիր է ունեցել»,-շեշտեց Մանկական վիրաբուժական հիվանդությունների կլինիկայի ղեկավարը:
25 տարի երեխայի սպասումով իրենց առաջնեկին գրկած երջանիկ ծնողները նշում են, որ փոքրիկ Լուսեն լույս է բերել իրենց ընտանիք, իսկ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի փորձառու բժիշկները վերադարձրել են այդ լույսը՝ փրկելով փոքրիկի կյանքը:
Նշենք, որ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում կյանքի հետ անհամատեղելի ծանր բնածին զարգացման արատներով նորածինների վիրաբուժական միջամտության արդյունքները շարունակվում են բարելավվել: Հիմնականում երեխաները դուրս են գրվում առողջացած և վերադառնում են լիարժեք կյանք»,-նշել է նա: