Զինծառայողը զորամաս է ներկայացել թմրանյութ օգտագործած վիճակում․ հրապարակվել է դատավճիռը

Ա․Հ․-ն հանդիսանալով պարտադիր ժամկետային զինծառայող, գտնվելով ազատ արձակման մեջ, Կապան համայնքի եկեղեցու հարակից տարածքից քաղել է կաննաբինոիդների խմբին պատկանող թմրալկալոիդներ պարունակող թմրամիջոց, որից հետո թմրամիջոց գարծածած վիճակում ներկայացել է ծառայության։

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Գործը դատարան է ստացվել մայիսի 23-ին և մակագրվել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռիմա Առաքելյանին։

Ա․Հ․-ին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 531-րդ հոդվածի 1-ին մասի (Զինծառայողի կողմից զորամասում, զինվորական ծառայությունը կրելու այլ վայրում կամ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու ընթացքում թմրամիջոց կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) ապօրինի գործածելը կամ դրանք գործածած վիճակում ծառայության ներկայանալը) հատկանիշներով։ Նշված արարքը պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Դատաքննությունն իրականացվել է արագացված վարույթով։

Ըստ դատավճռի՝ Ա․Հ․-ն մեղավոր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 531-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ և որպես պատիժ նշանակվել է կարճաժամկետ ազատազրկում՝ 15 (տասնհինգ) օր ժամկետով: Կարճաժամկետ ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան 1 (մեկ) տարի ժամկետով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել