ՀՀ կառավարության օգոստոսի 15-ի նիստի օրակարգում է Հայաստանի Հանրապետության սահմանային ներկայացուցիչ նշանակելու մասին հարցը, այն չզեկուցվող է։
Կառավարության որոշման նախագծում նշվում է․ «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հայ-վրացական հատվածի սահմանային ներկայացուցիչների գործունեության Լոռի-Տավուշ և Աշոցք-Ամասիա տեղամասերի սահմանային ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի 1-ին սահմանապահ ջոկատի պետին»:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 4-ի N 1797-Ա որոշմամբ սահմանային ներկայացուցիչ նշանակված գնդապետ Էդգար Սերգեյի Հունանյանի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում այլ պաշտոնում աշխատանքի անցնելու հանգամանքով:
Ըստ հիմնավորման՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում զինծառայողները պարբերաբար փոխատեղության կամ ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված տեղափոխվում են ծառայության մեկ վայրից մյուսը՝ նախագծով առաջարկվում է Կառավարության համապատասխան որոշման մեջ չնշել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողների տվյալները՝ նշելով միայն սահմանային ներկայացուցչի պաշտոնը: Միաժամանակ, նշված պաշտոնում նշանակումներ կատարելու դեպքում՝ նշանակվող զինծառայողի ամբողջական տվյալների վերաբերյալ տեղեկատվությունը գրավոր կներկայացվի վրացական կողմին։