Հայաստանի և Իրանի վիճակագրական մարմինների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Իրանի վիճակագրական կենտրոնի տնօրեն Ադել Ազարի գլխավորած պատվիրակությանը: «Ուրախ ենք, որ մեր բարեկամ Իրանի հետ համագործակցություն ենք սկսում նաև վիճակագրության բնագավառում: Համոզված ենք, որ այդ համագործակցությունը բխում է մեր երկու պետությունների շահերից»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետի խոսքով՝ այս բնագավառում կապերի սերտացումն, ընդհանուր առմամբ, կնպաստի նաև երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը: 

Իր հերթին, Ադել Ազարը նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև տնտեսական և հումանիտար ոլորտներում հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և իրենց նպատակն է այդ փոխգործակցությունը ամրապնդել նաև վիճակագրության բնագավառում: Այդ համատեքստում, զրուցակիցները քննարկել են առաջիկայում նախատեսվող ծրագրերն ու նախագծերը: 

Այնուհետև ՀՀ վարչապետի ներկայությամբ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության և Իրանի վիճակագրական կենտրոնի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որը կնպաստի երկու պետությունների վիճակագրական մարմինների միջև համագործակցության զարգացմանը:
Հայկական կողմից հուշագիրը ստորագրել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը, իրանական կոմից՝ Իրանի վիճակագրական կենտրոնի տնօրեն Ադել Ազարը: 

Հուշագրի ստորագրումը հնարավորություն կընձեռի համագործակցել վիճակագրության տարբեր ուղղություններով: Մասնավորապես, նախատեսվում է իրականացնել վիճակագրական տեղեկատվության և հրապարակումների փոխանակում և տարածում, փոխադարձ օժանդակության ցուցաբերում մեթոդաբանության ու հեռահաղորդակցման ուղղություններով: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել