Մհեր Մ․-ն 2023 թվականի դեկտեմբերի 31-ին ժամը 14:00-ի սահմաններում Դիլիջան համայնքի տաղավարների մոտ միս վաճառելիս նկատել է, որ իրեն պատկանող և վաճառքի ենթակա խոզի գլուխը 2 թափառական շներ քաշել, տարել են։ Նա զայրացել ու իր գրպանի ծալովի դանակով կտրել է այդ շներից յուրաքնաչյուրի ականջը՝ դաժան վերաբերմունք դրսևորելու եղանակով անդամահատելով և տառապանք պատճառելով հիշյալ շներին։
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Գործը դատարան է ստացվել մայիսի 4-ին և մակագրվել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարեկ Բադալյանին։
Մհեր Մ․-ին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 1-ին մասի (Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը՝ կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որը տառապանք պատճառելով է հանգեցնում մահվան, ողջ վիճակում կենդանու մաշկազերծումը, անդամահատումը, կենդանիների մարտի կազմակերպումը կամ իրականացումը կամ անտուն կենդանու այնպիսի հավաքը կամ բռնումը, որը հանգեցնում է կենդանու խեղմանը կամ կենդանու կյանքի ընդհատմանը, ինչպես նաև կենդանուն սահմանված կարգի խախտմամբ գիտահետազոտական, բժշկական կամ փորձարարական նպատակով օգտագործելը կամ այլ դաժան վերաբերմունքը) հատկանիշներով։ Նշված արարքը պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Հրապարակվել է դատավճիռը, ըստ որի՝ Մհեր Մ․-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և դատապարտվել տուգանքի՝ հանցանքը կատարելու պահին նվազագույն աշխատավարձի հնգապատիկի՝ 375.000 (երեք հարյուր յոթանասունհինգ հազար) ՀՀ դրամ գումարի չափով: