Հովհաննեսի թիրախը odnoklassniki. ru-ի, vkontakte.ru-ի, skype.com-ի 10-ից 15 տարեկան տղաներն էին եղել

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության երրորդ վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևանի բնակիչ Հովհաննես Ս.-ն սեռական կրքերը բավարարելու նպատակով www.odnoklassniki.ru, www.vkontakte.ru և www.skype.com սոցիալական ցանցերի միջոցով ծանոթացել է 10-ից 15 տարեկան, հատկապես արական սեռի երեխաների հետ, վարել անառողջ սեռական հետաքրքրություն առաջացնող խոսակցություններ, ներկայացրել և տրամադրել մանկական պոռնկագրական բնույթի տեսանյութեր: Օգտվելով երեխաների միամտությունից` նա խաբեությամբ համոզել է ոմանց մերկանալ վեբ-տեսախցիկի առջև և նկարահանել է նրանց: 
 
Ոստիկանության փոխանցմամբ` համացանցում հիմնականում ներկայացել է որպես «Հովո» և հանդես եկել՝ «ELEN», «Allen Minasyan»,  «HOVHANNES @ SYUZKA» անուններով: 
 
Հատկանշական է նաև, որ նա աշխատել է մանկական սրճարաններում, խաղային սրահներում և երեխաներին առնչվող այլ ոլորտներում:
Հովհաննես Ս.-ն ձերբակալված է:
 
Նախաքննությունը վարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը:
 
Նկատի ունենալով, որ սա վերջին տարիների միակ դեպքը չէ, ոստիկանությունը հորդորում է սոցիալական ցանցերից, ընդհանրապես` համացանցից օգտվողներին, լինել հնարավորինս ուշադիր: Ոստիկանությունը միշտ էլ պատրաստ է և կկատարի իր գործը, բայց նմանատիպ իրավիճակներում չհայտնվելու և հանցավոր ու արատածին երևույթներից զերծ մնալու համար ոստիկանությունը դիմում է հատկապես ծնողներին` եղեք ուշադիր, անհրաժեշտության դեպքում խիստ վերահսկողություն սահմանեք երեխաների նկատմամբ, հսկեք նրանց ելումուտը սոցիալական ցանցեր: Օգնեք ոստիկանությանը ձեր իսկ երեխաներին պաշտպանելու այլասերվածներից…
 
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել