ՍԴ-ն, ինստիտուտին ոչ վայել տարբեր տակտիկական հնարքներ կիրառելով ինքնամեկուսացվեց մարդուց և արդարադատությունից․ Արթուր Ղամբարյան

Վերջերս ՀՀ վճռաբեկ դատարանը (ՎԴ) թիվ ՀԿԴ/0054/01/22 գործով արձանագրել է, որ կաշառք տալու հանցակազմի իմաստով «խոշոր չափ» և «առանձնապես խոշոր չափ» հասկացությունների օրենսդրական բացի պայմաններում ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի վերաբերելի կետերը չեն համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին և չեն կարող անձին դատապարտելու հիմք լինել։ Այս մասին գրում է իրավագիտության դոկտոր Արթուր Ղամբարյանը։

«Մոտ մեկ տարի առաջ Հայ-ռուսական համալսարանի մագիստրանտ Գ․ Չապանյանն այս հարցը բարձրացրել էր իր թեզում և առաջարկել էր լուծում, որը քննական հանձնաժողովի որոշ անդամների մոտ առաջացրել էր անհասկանալի դժգոհություն։ Այժմ այդ լուծումն ըստ էության դրված է ՎԴ-ի այս որոշման հիմքում։

Իրավաբան-գիտնական իմ առանձին ընկերներ ՎԴ որոշումը գնահատում են որպես «թաքնված» սահմանադրական արդարադատություն կամ ՀՀ սահմանադրական դատարանի (ՍԴ) լիազորությունների «յուրացում», որի հետ չեմ կարող համաձայնվել՝ ելնելով զուտ վերջին տարիներին ՍԴ կողմից՝ իր իսկ ֆունկցիաների «հատման» պրակտիկայից։

ՍԴ առաջին նախագահ Գ․ Հարությունյանից հետո, ՍԴ-ն, ինստիտուտին ոչ վայել տարբեր տակտիկական հնարքներ կիրառելով (ձայները կիսվելու կայուն պրակտիկա, վարույթ ընդունված գործերի վարույթը կարճել և այլն) ինքնամեկուսացվեց մարդուց և արդարադատությունից, իսկ դրան զուգահեռ՝ «ինկորպորացվեց» քաղաքական իշխանությանը (օրենսդիր և գործադիր իշխանությանը)․ մարդու անհատական դիմումները վարույթ չեն ընդունվում, քանի որ «գրագետ հիմնավորված չեն», սակայն պատգամավորի դիմումները հիմնականում դառնում են քննարկման առարկա, իսկ դատավորների դիմումները վարույթ չեն ընդունվում, քանի որ դատավորները պետք է մեկնաբանեն օրենքը, և ոչ թե պատասխանատվությունը դնեն ՍԴ-ի վրա (թեև իրականում եղել են դեպքեր, երբ դատավորները, օրենքը մեկնաբանելու փոխարեն, փորձել են արհեստականորեն հարցը տեղափոխել ՍԴ)։

Մարդուց և արդարադատությունից ինքնաօտարվելու բնական արդյունքն այն է, որ մարդը և դատարանները հիմնականում խուսափում են դիմել ՍԴ։ Իմ տպավորությամբ հենց այս արդյունքին էր միտված ՍԴ վերջին տարիների կայուն պրակտիկան, ուստի զարմանալի է, որ այժմ մտահոգություններ են հնչում, որ ՎԴ-ն «յուրացնում է» ՍԴ գործառույթը։

Հարց՝ կարո՞ղ էր արդյոք ՎԴ-ն վերը նշված գործով դիմել ՍԴ, այ՛ո կարող էր դիմել, և, ամենայն հավանականությամբ, կդիմեր, եթե պահպանվեին հարությունյանական սահմանադրական արդարադատության ստանդարտները։ Մինչդեռ, սահմանադրական արդարադատության նոր չափորոշիչների պայմաններում ՎԴ-ն չի դիմել ՍԴ և ճիշտ է արել․ քանի որ ՎԴ-ն իրավական որոշակիության համընդհանուր սկզբունքի հիման վրա որոշել է, որ այդ հոդվածի կիրառման օրենսդրական պայմանները բացակայում են, սա սահմանադրական արդարադատություն չէ, պարզապես նեգատիվ իրավակիրառում է․ չկա օրենսդրական պայմանը (խոշոր չափի օրենսդրական դեֆինիցան), ուստի չկա նորմի կիրառումը»-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել