Ամբողջ Ֆրանսիայում զանգվածային դիվերսիաներ են իրականացվել Bouygues, SFR և Free հեռահաղորդակցության օպերատորների ցանցային սարքավորումների վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Le Parisien-ը։
Ըստ պարբերականի տվյալների՝ հուլիսի լույս 29-ի գիշերը կտրվել են այդ օպերատորների մալուխները Էրոյի, Բուշ դյու Ռոնի, Ուազի, Մյոզի, Դրոմի և Օդի դեպարտամենտներում: Նախնական տվյալներով՝ գրանցվել է 28 միջադեպ, որոնցից շատերը վնասել են կապի ֆիքսված գծերը։ Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել միջադեպի պատասխանատվությունը։Նշվում է, որ դիվերսիան չի ազդել Օլիմպիական խաղերի անցկացման վրա։
Թերթը հիշեցնում է, որ նախօրյակին Թուլուզի մերձակայքում հրկիզել են հեռախոսային կապի վերահեռարձակման ալեհավաքը։ Հանցագործության վայրում անհայտ անձինք թողել են «Ոչ Օլիմպիական խաղերին» մակագրությունը, ինչի կապակցությամբ զանգվածային լրատվամիջոցները ենթադրություն են հայտնել, թե այդ դիվերսիան կարող էին իրականացրել Օլիմպիական խաղերի անցկացման հակառակորդները՝ ծայրահեղ ձախ ակտիվիստներից։
Փարիզի Օլիմպիական խաղերի բացման օրը՝ հուլիսի 26-ին, Ֆրանսիայի արագընթաց երկաթուղային ցանցը կաթվածահար էր եղել «համակարգված սաբոտաժի պատճառով»։
Բազմաթիվ գնացքների երթևեկությունը հետաձգվել էր կամ չեղարկվել՝ ազդելով 800 000 ուղևորի վրա։Հուլիսի 29-ին տրանսպորտի նախարար Պատրիս Վերգրիետը հայտարարել է, որ գնացքների բոլոր արագընթաց երթուղիները վերսկսել են աշխատանքը բնականոն ռեժիմով: