«Հնարավորություն եք ստանում սկսելու նոր, մաքուր էջից՝ պայմանով, որ կփոխեք գործելաոճը». Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը

Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ տեղի է ունեցել կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրերում ներգրավված նախագծային և շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպում, որին ներկա են եղել նաև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը և շահագրգիռ կառույցներից պաշտոնատար այլ անձինք, հայտնում են կոմիտեի մամուլի ծառայությունից։

Քննարկվել են ծրագրերի իրականացման ընթացքի և որակի վերաբերյալ հարցեր։

Հաշվի առնելով մինչ այժմ ոլորտի ներկայացուցիչների բարձրաձայնած հարցերը, շինարարական ծրագրերի ժամկետների խախտումների, թերությունների վերաբերյալ բոլոր հիմնավորումները՝ օրենսդրության շրջանակում խնդիրներին տրվել են լուծումներ։ Շինարարությունն իրականացնողների հետ համատեղ հստակեցվել են ժամկետները, որոնց ընթացքում նրանք պարտավորվում են ծրագրերն իրականացնել՝ ապահովելով որակի հարցում սահմանված բարձր նշաձողը։

«Բացառիկ հնարավորություն եք ստանում սկսելու նոր, մաքուր էջից՝ պայմանով, որ կփոխեք գործելաոճն ու շինարարական աշխատանքները կիրականացնեք որակով և սահմանված ժամանակացույցի համաձայն։ Հակառակ պարագայում, համոզված եղեք, որ կիրառվելու են օրենքով սահմանված տույժեր, տուգանքներ, և որակի հարցում զիջում չի լինելու, անորակ աշխատանքը չի ընդունվելու»,-ընդգծել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը։

Փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը վստահեցրել է, որ կառավարությունը շինարարի կողքին է, միաժամանակ նրանից ակնկալվում է փոխադարձ քայլ՝ շինարարական աշխատանքներն իրականացնելու ակտիվ տեմպով և պատշաճ որակով. «Զուտ պայմանագրային պարտավորություններից բացի յուրաքանչյուրիցդ ակնակալում ենք սրտացավ վերաբերմունք, ընթացիկ հարցերը լուծելու հետևողականություն և նախագծող-շինարար-պատվիրատու թիմային աշխատանք։ Այդ պարագայում վերաբերմունքը կլինի համարժեք»։

Հանդիպման մասնակիցները հնարավորություն են ունեցել հարցեր հնչեցնելու՝ ստանալով վստահեցում, որ իրենց առաջարկները լսելի են լինելու։ Միաժամանակ նշվել է, որ ամենօրյա հսկողությունը շարունակվելու է՝ գնահատելու աշխատանքների ընթացքը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել