ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 22֊ին այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան՝ շնորհավորելու ՀԱՊՀ և ԳՆԿԿ (CSIE) համագործակցության շրջանակներում ՀԱՊՀ-ի օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնում ձևավորված ուսանողական թիմին «American Control Conference 2024» գիտաժողովի ընթացքում «Quanser» ընկերության կողմից կազմակերպած ինքնավար մեքենաների մրցույթում պատվավոր երրորդ հորիզոնականը զբաղեցնելու համար։
![](https://iravaban.net/wp-content/uploads/2024/07/61-scaled-e1721801817294.jpg)
Իր այցի ընթացքում նախարար Հայրապետյանը հանդիպել է ՀԱՊՀ ուսանողական համակազմից թիմի անդամներ Աննա Բեկլարյանի, Լուսինե Բարսեղյանի և Վահագն Մակարյանի հետ, որոնք ցույց են տվել իրենց նախագծի նորարարությունը և ներկայացրել այն ջանքերը, որոնք հանգեցրել են հաջողության: Ուսանողական թիմը գլխավորող գիտաշխատող Աստղիկ Հակոբյանն իր հերթին պատմել է միջոցառմանը ունեցած իրենց փորձից, ներկայացրել թիմի մարտահրավերները և հաջողության մանրամասները: Քննարկվել են միջազգային նմանատիպ միջոցառումներին Հայաստանի ներկայության ամրապնդման համար ապագա համագործակցության հնարավոր ուղղությունները, կարևորվել բարձր տեխնոլոգիաների ոլորտում տաղանդների ներգրավումը:
![](https://iravaban.net/wp-content/uploads/2024/07/35-scaled-e1721801739791.jpg)
Նախարար Հայրապետյանն երախտագիտություն է հայտնել թիմի նվիրվածության և Հայաստանում տեխնոլոգների ու նորարարների ապագա սերունդներին ոգեշնչելու գործում նրանց դերի համար: Նա վերահաստատել է կառավարության հանձնառությունը՝ աջակցելու բարձր տեխնոլոգիաների ոլորտում հետազոտություններին, նորարարություններին և ակադեմիական գերազանցությանը նպաստող նախաձեռնություններին:
Հանդիպմանը ներկա էին ՀԱՊՀ գիտության գծով պրոռեկտոր, ֆ-մ.գ.դ, պրոֆեսոր Աշոտ Խաչատրյանը, ՀԱՊՀ միջազգայնացման և բարեփոխումների գծով պրոռեկտոր, տ.գ.թ. դոցենտ Սարգիս Ասատրյանցը, ՀԱՊՀ մինչբուհական կրթության գծով պրոռեկտոր, ֆ-մ.գ.թ. դոցենտ Էլբակ Էլբակյանը, Իլինոյսի համալսարանի մեխանիկայի և մեքենաշինության ամբիոնի պրոֆեսոր, թռչող սաքերի AVIATE կենտրոնի տնօրեն և ԳՆՆԿ գիտական խորհրդատու Նաիրա Հովակիմյանը, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի միջուկային գիտությունների և ճարտարագիտության պրոֆեսոր Արեգ Դանագուլյանը, ԳՆԿԿ տնօրեն Րաֆֆի Պաղճեանը, գիտաշխատող Աստղիկ Հակոբյանը, ինչպես նաև ակադեմիական շրջանակների և գիտական հետազոտությունների ներկայացուցիչներ:
![](https://iravaban.net/wp-content/uploads/2024/07/31-scaled-e1721801900132.jpg)
Մրցույթին մասնակցել են աշխարհի առաջատար համալսարանները ներկայացնող 39 թիմեր, որոնցից միայն 11-ն են հաղթահարել առաջին փուլը և ներկայացել Կանադայում։ Չնայած բարդություններին՝ հայկական թիմը կարողացել է հենց առաջին փուլից հայտնվել լավագույն եռյակում և հնչեցնել Հայաստանի օրհներգը նման պատվավոր գիտաժողովի ընթացքում։
Մրցույթի ընթացքում ուսանողները ուսումնասիրել են ավտոմատ կառավարման առաջատար մեթոդներ և կիրառել համակարգչային տեսողության ալգորիթմներ՝ լուծելով իրենց առջև դրված խնդիրները։ Առաջին փուլի ընթացքում մշակված ալգորիթմները ներդրվել են «Quanser» ընկերության «QLab» վիրտուալ միջավայրում՝ «QCar» վիրտուալ ռոբոտի վրա և գրանցել են առաջադրված երթուղու վազանցը 31 վայրկյանի ընթացքում։ Այնուհետև արդեն Կանադայում երկրորդ փուլի ընթացքում նույն ալգորիթմը կիրառվել է իրական ռոբոտի վրա։ Երթուղով անցնելիս ռոբոտի վրա կիրառված ալգորիթմն ամբողջովին ավտոնոմ կերպով պահպանել է երթևեկության բոլոր կանոնները՝ մնալով երթևեկելի գոտում։