Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ ավագանու արտահերթ նիստ կգումարվի

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ հուլիսի 26-ին՝ ժամը 14:00-ին, ավագանու արտահերթ նիստ կգումարվի։ Այս մասին հայտնում է ՔՊԿ աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ավագանու անդամ Քնարիկ Հարությունյանը։
«ՀՀ դատախազության կողմից Գյումրի համայնքի ավագանուն ներկայացվել են առաջարկություններ՝ Գյումրու համայնքի ղեկավարի 24 որոշում անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու մասին պահանջներով ՀՀ վարչական դատարան հայցադիմումներ ներկայացնելու վերաբերյալ։
Օրակարգում տեղ գտած երկու տասնյակից ավելի հայցերը վերաբերում են Գյումրու նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանի և Սամվել Բալասանյանի ղեկավարության տարիներին կայացրած որոշումներին։
Ուսումնասիրության ընթացքում պարզվել է հետևյալը (մեջբերեմ 2 օրինակ)․
ՀՀ կառավարության 1998 թվականի որոշմամբ ««Կումայրի» արգելոց-թանգարան»»-ը՝ որպես համայնքային գույք փոխանցվել է Գյումրի համայնքին՝ որպես սեփականություն: 2001թ․-ին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը արգելոց-թանգարանի Աբովյան 143 հասցեում գտնվող շենքը՝ «Հոկտեմբեր» կինոթատրոնը, ուղղակի վաճառքով՝ 25.000.000 ՀՀ դրամով օտարել է «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊԸ-ին:
Կինոթատրոնի շենքը հանդիսանում է պատմամշակութային հուշարձան և ենթակա չէր օտարման:
ՀՀ պաշտպանության նախարարությանն անհատույց օգտագործման հանձնված Գյումրու Ղարսի խճուղի 2/7 հողամասը՝ «Սև Ղուլ» պատմական ամրոցն ու հողամասը, 2018 թվականին Գյումրի համայնքին են փոխանցվել սեփականության իրավունքով՝ որպես բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամաս: Այդ նույն տարում, քաղաքապետ Սամվել Բալասանյանի և ավագանու որոշումներով «Սև Ղուլ» պատմական ամրոցն օտարվել է նախ Սիրական Մկոյանին, այնուհետ՝ Սամվել Բալասանյանի որդուն՝ Խաչատուր Բալասանյանին:
Եվ սա այն պարագայում, երբ տարածքն ու հողամասը՝ որպես բնապահպանական հատուկ պահպանվող հող, չէին կարող լինել սեփականության իրավունքով այլ անձի փոխանցման առարկա և ենթակա չէին օտարման:
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շահագրգիռ է համայնքային շահերի պաշտպանության հայց ներկայացնել դատարան՝ վիճարկելու համայնքի ղեկավարների այն ապօրինի հրամաններն ու որոշումները, որոնց արդյունքում օտարվել են համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույք՝ դրանք վերադարձնելով համայնքին»:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել