Հ․ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա շանտաժի եղանակով մեկ այլ անձի հարկադրել է սեռական հարաբերության։
Iravaban.net–ի փոխանցմամբ՝ գործը դատարան է ստացվել մայիսի 13-ին և մակագրվել է դատավոր Ռ․ Առաքելյանին։
Մեղադրյալ Հ․ Գալստյանը ժամկետային զինծառայող էր ՀՀ ՊՆ զորամասում․ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է զինվորական հսկողությունը:
Հ․ Գալստյանը 2023 թվականի հունիսին Ֆեյսբուքի միջոցով ծանոթացել է Քաջարան քաղաքի բնակիչ, անչափահաս՝ 2007թ-ին․ ծնված Ա․ Խ․-ի հետ, տեղյակ լինելով, որ վերջինս 16 տարեկան է, վերը նշված սոցիալական ցանցի միջոցով սիրային բնույթի հաղորդագրություններ է ուղարկել, կատարել զանգեր, ինչպես նաև մի քանի անգամ հանդիպել վերջինիս:
Արդեն 2023 թվականի հուլիսին Ա․ Խ․-ի հետ Ինստագրամի միջոցով շփվելու ընթացքում հայտնել է, թե իբր նրա մասին արատավորող տեղեկություններ է ստացել Քաջարան քաղաքի բնակիչներից և եթե նա մերկ նկարներ չուղարկի իրեն, ապա նրան խայտառակ կանի, ինչից ելնելով Ա․Խ․-ն տեսազանգի ընթացքում ամբողջությամբ մերկացրել է կրծքավանդակը, որն էլ տեսագրվել է Հ․ Գալստյանի կողմից:
2023 թվականի նոյեմբերին տղամարդը Քաջարան քաղաքում հանդիպել է Ա․ Խ․-ին և հայտնել, որ նրա մերկ նկարները կհրապարակի, եթե վերջինս իր հետ սեռական հարաբերություն չունենա՝ պատճառաբանելով, թե իբր առողջական խնդիրներ ունի և սեռական հարաբերութուններ չունենալու դեպքում կմահանա:
Բացի այդ, 2023 թվականի նոյեմբերի 10-ից 26-ը, ինչպես նաև դեկտեմբերի 3-ից 13-ը ընկած ժամանակահատվածում Հ․ Գալստյանը Ա․ Խ․-ին սոցիալական ցանցերով հաղորդագրություններ է ուղարկել՝ վերջինիցս պահանջելով իր հետ սեռական հարաբերությունների մեջ մտնել, իսկ չմտնելու դեպքում սպառնացել նրա մերկ լուսանկարները հրապարակել սոցցանցերում:
Կիրառվել է արագացված վարույթով դատաքննություն։
Հանրային մեղադրողի կողմից ներկայացվել է մեղադրանքի փաստական հիմքը և մեղադրյալին վերագրվող արարքի իրավական գնահատականը, որից հետո մեղադրյալ Հ․ Գալստյանը հայտնել է, որ իրեն պարզ է ներկայացված մեղադրանքը, համաձայն է մեղադրանքի հետ, առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչում։
Տուժող Ա․Խ․-ն դիմումով հայտնել է, որ մեղադրյալից բողոք չունի, այդ թվում՝ ֆինանսական։ Միաժամանակ հայտնել է, որ դեմ չէ որպեսզի վերոնշյալ քրեական գործով կիրառվի արագացված վարույթ։
Դատարանը վճռել է Հ․Գալստյանին մեղավոր ճանաչել հանցանքի կատարման մեջ և որպես պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 տարի ժամկետով: