Հուլիսի 12-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի է ունեցել ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի և ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի ասուլիսը։
Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։
Բանախոսները ներկայացրել են Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած ֆիզիկական անձանց փոխհատուցման կարգը։
Արփինե Սարգսյանը հստակեցրել է՝ Կառավարությունն իր որոշմամբ կարգավորել է աղետի գոտում կենսական նշանակություն ունեցող առաջնային վնասների փոխհատուցման հետ կապված փոխհարաբերությունները. սկզբում բնակելի տարածքի բարեկարգմանն ուղղված վնասի, կենցաղային առաջնային գույքին պատճառված վնասի փոխհատուցումն է, որին առաջիկայում կհաջորդեն մնացյալ վնասների փոխհատուցման կարգերը։ Փոխհատուցման հաստատված կարգով՝
• Փոխհատուցման առաջին փուլով նույնականացվել են բազմաբնակարան շենքի բնակարաններին և առանձնատներին պատճառված վնասներն ու դրանց փոխհատուցումը. բնակելի տարածքների վնասի հետ փոխկապակցված են նաև կենցաղային առաջնային գույքի վնասի հետ կապված փոխհատուցման մեխանիզմները։
• Նույնականացվել են հիմնական շահառուները, որոնք ընդունված կարգի համաձայն՝ կստանան փոխհատուցում։ Փոխհատուցում կստանան սեփականության իրավունք ունեցող այն անձինք, որոնք անշարժ գույքը ձեռք են բերել ցանկացած օրինական եղանակով։
• Արփինե Սարգսյանը նշել է, որ իրավիճակից ելնելով՝ բարդ վարչարարական ընթացակարգեր չեն նախատեսվել, անպայմանորեն չի պահանջվելու Կադաստրի կոմիտեում սեփականության գրանցման վկայական. բավարար է քաղաքացիների կողմից իրավական տեղեկատվություն ներկայացնելը, որ անշարժ գույքը ձեռք են բերել օրինական կարգով։ Հետևաբար, ինքնակամ կառույցների դեպքում փոխհատուցումը կտրամադրվի միայն կառույցը օրինականացնելու դեպքում։ Նույն սկզբունքն է կիրառվելու այս պահին փաստագրված և հանրապետական հանձնաժողովի կողմից ամփոփված բոլոր՝ 269 բնակելի տարածքների դեպքում։
• Ըստ փոխհատուցման կարգի մեթոդաբանության՝ նախնական գնահատմամբ առանձնացվել է 2 առանձնատուն և բազմաբնակարան շենքի 16 բնակարան, որոնց սեփականատերերին կտրվի բնակարանի գնման վկայագիր։ Վկայագիրը տրամադրելու համար կհստակեցվի բնակարանի մակերեսը, կբազմապատկվի Կադաստրի կոմիտեի հրապարակած միջին շուկայական արժեքով, արդյունքում՝ քաղաքացիները կկարողանան նոր բնակելի տարածք ձեռք բերել։
• Տարանջատվել են առավել շատ տուժած և առավել քիչ տուժած բնակավայրերի հաշվարկման մեխանիզմներ, իրականացվել է գոտիավորում. համապատասխանաբար՝ մեկ քառակուսի մետրի հաշվարկով կտրամադրի 60 հազար (Լոռու մարզի Ալավերդի համայնք և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայր) կամ 40 հազար դրամի (Լոռու մարզի Թումանյան, Փամբակ, Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ բնակավայրերին և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիշ, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ, Պտղավան, Դիլիջան, Իջևան բնակավայրերին) փոխհատուցում։ Սահմանվել է քառակուսի մետրի վերին շեմ․փոխհատուցվելու է 80 քառակուսի մետրից ոչ ավելիի չափով։
• Քաղաքացիներին կտրամադրվի կենցաղային առաջնային գույքի փաթեթ։ Այն քաղաքացիները, որոնք կլինեն առաջին գոտու շահառուներ, կստանան և՛ բնակարանի գնման վկայագիր, և՛ կենցաղային առաջնային գույքի ձեռք բերման համար 1 մլն 200 հազար դրամ: Առավել քիչ տուժածների դեպքում կտրամադրվի բնակելի տարածքի վերանորոգման փոխհատուցումը, իսկ կենցաղային առաջնային գույքի փաթեթը կկազմի 800 000 դրամ։
Արփինե Սարգսյանը նշել է. «Հաշվարկները կատարվել են ողջամտորեն, որպեսզի մեր քաղաքացիները իրականում կարողանան բարեկարգել բնակարանները։ Սրանք ողջամիտ թվեր են և կարող են սպասարկել մեր քաղաքացիների կարիքները»։ Փոխհատուցման տրամադրման հաշվարկը օրինակով բացատրելիս Սարգսյանը նշել է․ «Օրինակ, Տավուշի մարզի Դիլիջան համայքի Հաղարծին գյուղում ունենք առանձնատուն, որտեղ բնակելի հեղեղված տարածքը կազմել է 128․8 քառակուսի մետր։ Այս օրինակի վրա կուզենայի պրոյեկտել մեր հաշվարկները։ Քանի որ մենք ունենք նաև առավելագույն շեմ բնակտարածքների հաշվարկման, որը 80 քառակուսի մետր է, հաշվարկը հետևյալը կկազմի․ 80 քառակուսի մետրի հաշվարկով մենք կտրամադրենք փոխհատուցում՝ քառակուսի մետրը 40 000 դրամի տրամաբանության մեջ, և միայն վերանորոգման դիմաց մեր քաղաքացին կստանա 3 200 000 դրամ։ Սրան կգումարվի, բնականաբար, առաջնային կենցաղային գույքի հատուցումը, որը կկազմի 800 000 դրամ։ Այսինքն, ըստ էության՝ վերջնարդյունքում 4 000 000 դրամ մեր քաղաքացիները կստանան որպես փոխհատուցում։ Եթե գործ ունենք իմ նշած առավել շատ տուժած բնակավայրերից, օրինակ, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավարի հետ, այստեղ, բնականաբար, արդեն կաշխատի 60 000 դրամ՝ յուրաքանչյուր քառակուսի մետրի հաշվարկով և 1 200 000 դրամ՝ արդեն կենցաղային առաջնային գույքի սպասարկման նպատակով»։
• Գումարը բնակելի տարածքների մասով կտրամադրվի 4 փուլով՝ յուրաքանչյուր անգամ 25 տոկոս. առաջին 25 տոկոսը միանվագ կփոխանցվի քաղաքացուն վերանորոգման նախապատրաստական աշխատանքների համար, իսկ մնացած վճարումները կկատարվեն նախորդ վճարման համար նախատեսված անկանխիկ վճարման սահմանաչափի ապահովումից հետո։ Կենցաղային առաջնային իրերի տրամադրման դեպքում սկզբում կտրամադրվի գումարի 70, այնուհետև՝ 30 տոկոսը։
Ցանկացած փոխհատուցման առնվազն 60 տոկոսը պետք է իրականացվի անկանխիկ եղանակով, իսկ 40 տոկոսը կարող է տնօրինվել կանխիկ եղանակով։ Իրավիճակը վերահսկելու համար անկանխիկ գործարքների կատարման մոնիթորինգը կիրականացվի մարզպետարանների և նրանց հետ համագործակցող բանկերի միջոցով։
• Աղետից տուժած շահառու հանդիսացող քաղաքացիները փոխհատուցում ստանալու համար դիմումները պետք է ներկայացնեն համապատասխան մարզպետարան 2024 թ. հուլիսի 15-ից սեպտեմբերի 30-ը ներառյալ։
• Բնակարանի գնման վկայագիրն օգտագործելու, բնակելի տարածքը վերանորոգելու և կենցաղային առաջնային գույք ձեռք բերելու համար բանկի կողմից վերջին վճարումը կարող է կատարվել 2025 թ. հուլիսի 1-ից ոչ ուշ։ Հետևաբար, մինչ այդ ժամկետը քաղաքացիները պետք է օգտագործեն սահմանված կարգով իրենց հասանելի դարձած միջոցները։
ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի խոսքով՝ տուժածների թիվը կամփոփվի դիմումները ստանալուց հետո. այս պահին կա 269 վնասված բնակարան։
• Համայնքային հանձնաժողովները մանրամասն փաստագրել են վնասները, որոնք հաստատվել է հանրապետական հանձնաժողովի կողմից։
• Սահմանաված ժամկետում դիմումը ներկայացնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացված դիմումը կարող է հաստատվել կամ մերժվել։ Մերժում ստանալուց հետո քաղաքացին իրավունք ունի բողոքարկել այն, և ՏԿԵ նախարարությունը 10-օրյա ժամկետում կուսումնասիրի բողոքը։ Դիմումը հաստատվելուց հետո 5-օրյա ժամկետում կկատարվեն առաջին փոխհատուցումները։
• Դիմումը մերժվում է, եթե.
– ներկայացված տվյալները չեն համապատասխանում պետական ռեգիստրում առկա տվյալներին,
– քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում առկա են տվյալներ մահվան մասին,
– դիմողը չի հանդիսանում շահառու, այսինքն՝ սեփականատերը իրավատերը չէ,
– արդեն առկա է շահառուի վերաբերյալ հաստատված դիմում։
• ՏԿԵՆ և ՆԳՆ անձնակազմերը տեղերում կաջակցեն մարզպետի աշխատակազմին և քաղաքացիներին՝ դիմումների ընդունման գործընթացը սահուն կազմակերպելու հարցում։ Անհրաժեշտության դեպքում կտրամադրվի խորհրդատվություն։
• Դիլիջանի, Ալավերդու, Բագրատաշենի հատվածներում իրականացվում են հեղեղի հետևանքների վերացման միջոցառումներ։ Ամբողջությամբ կվերականգնվեն ճանապարհները՝ դառնալով նորմատիվային կարգավիճակին համապատասխան։