Հիվանդությունը կարող է հանդիպել 50000-ից մեկի մոտ․ «Արթմեդ» ԲՎԿ-ից մանրամասներ են հայտնում քթի վիրահատության ժամանակ մահացած կնոջ մասին

«Արթմեդ» ԲԿ-ում քթի վիրահատության ժամանակ մահացել էր բուժառու 32 ամյա Լիանա Ս․-ն։

Iravaban.netը կապ է հաստատել ԲՎԿ-ի տնօրեն Արթուր Աբգարյանի հետ՝ դեպքի վերաբերյալ մանրամասներ իմանալու նպատակով։

Նա նշեց, որ քթի վիրահատության ընթացքում մահացած կնոջ մոտ եղել է ախտորոշում՝ չարորակ հիպերթերմիա, որն էլ դարձել է մահվան պատճառ․ «Հիվանդությունը մարդկանց մոտ կարող է առաջանալ վիրահատության ժամանակ, եթե մարդն ունի նման գենետիկ խնդիր։ Անալիզը հնարավոր է անել միայն ԱՄՆ-ում, Հայաստանում չկա, իսկ Հայաստանում 2-3 նման դեպք նախկինում եղել է, շատ քիչ է հանդիպում»։

Անդրադառնալով լուրերին, թե արդեն մահացության նման դեպք 3-րդ անգամ է գրանցվում՝ Արթուր Աբգարյանը նշեց, որ դա չի համապատասխանում իրականությանը․ «Ինձ թվում է՝ մեր բժշկական կենտրոնը մահացության թվով ամենանվազն է Հանրապետությունում»։

«Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի բուժգծով փոխտնօրեն, քիթ-կոկորդ-ականջաբան Արայիկ Ղարիբյանի խոսքով՝ նման ախտորոշումը Հայաստանի պայմաններում անել հնարավոր չէ․ «Հիվանդը գնացել է վիրահատության լիարժեք հետազոտված, մի հիվանդություն, որը կարող է հիսուն հազարից մեկի մոտ լինել, ամբողջ աշխարհում դրա վերաբերյալ ստուգում չի էլ կատարվում նախօրոք։ Հիմա հյուսվածքաբանական քննություն է կատարվում, որը էլի կտա մոտավոր պատճառը։

Հարազատները չեն բողոքել, դժգոհել։ Իհարկե լարված էին, հուզված էին, բայց մարդիկ համբերատար սպասում են դատաբժշկական փորձաքննությանը։ Հարազատների կողմից ոչ մի անշնորհք բան չի եղել։ Մարդիկ հասկացել են մեր ասածը և ասել են՝ կսպասենք դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը, ոչ մի ավելորդ բառ իրենց կողմից չի եղել ո՛չ հիվանդանոցի, ո՛չ բժիշկների մասին»։

Արայիկ Ղարիբյանը հայտնեց, որ իրենց կենտրոնում մահվան 2 դեպք է գրանցվել, մեկը՝ ծանր օնկոլոգիական, մյուսը՝ այս դեպքն է, որի վերաբերյալ այժմ դատաբժշկական փորձաքննություն է իրականացվում․«Քթի վիրահատության ժամանակ առաջին, եզակի մահն է մեզ մոտ տարիների ընթացքում։ Մեր հիվանդանոցում մահերի վիճակագրությունը բավական ցածր է»։

Նշենք, որ Լիանա Ս․-ն երկու անչափահաս երեխաների մայր էր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել