Երեք օր ջուր չունենալը կանոնների խախտում է, ընկերությունը պետք է տուգանվի․ ՀԾԿՀ նախագահ

Ջրի, գազի ու էլեկտրաէներգիայի շահագործման համապատասխան կանոններ կան, ամեն ինչ կանոնակարգված է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ անդրադառնալով ջրի և հոսանքի պարբերաբար անջատումներին։

«Առանց զգուշացման ջրի, հոսանքի և գազի անջատում պետք է լինի միայն այն դեպքում, եթե վթարային խնդիր է։ Այսինքն՝ ի սկզբանե հնարավոր չէր զգուշացնել, ինչպես պլանային անջատումների ժամանակ են զգուշացնում», – ասաց նա։

Հարցին՝ վերջին անգամ ե՞րբ են այդ ընկերությունները տուգանվել՝ Բաղրամյանը պատասխանեց, որ տուգանքները վճարվում են սպառողներին և դա լինում է պարբերաբար։

«Այսինքն՝ մեր վարույթների արդյունքում ընկերությունը տուգանվում են միայն այն դեպքում, երբ մեր մշտադիտարկման արդյունքում տեսնում ենք, որ որևէ ընկերություն խախտել է ժամանակացույցը։ Օրինակ՝ քաղաքային բնակավայրերում էլեկտրաէներգիայի անջատումը պետք է տևի ոչ ավելի, քան 4 ժամ։ Եթե 4 ժամից ավելի է տևել, ապա տուգանվում է և տուգանքը ստանում է սպառողը։ Մեզ մոտ բոլոր ահազանգերն ուսումնասիրվում են։ Ջրի ամենաերկարատև անջատումը եղել է Արզնու ջրատարի վթարի հետևանքով», – նշեց ՀԾԿՀ հախագահը։

Դիտարկմանը, որ քաղաքացիներից ահազանգեր են ստացվում ջրի մատակարարումների երկարաժամկետ դադարեցման մասին, Բաղրամյանը պատասախանեց, որ երեք օր ջուր չունենալը կանոնների խախտում է, և ընկերությունը պետք է տուգանվի։

«Առնվազն համապատասխան ջրաքանակ պետք է ապահովվեր ցիստեռնների միջոցով, եթե դա չի արվել, ապա ընկերությունը խախտել է կանոնները։ Կարող ենք կոնկրետ դեպքով ստուգել ու հասկանալ», – հավելեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել