ԵՄ-ՀՀ ՀԸԳՀ (CEPA) Քաղաքացիական հասարակության պլատֆորմի անդամները հանդիպել են ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի հետ

2024 թվականի հունիսի 28-ին ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը հանդիպեց ԵՄ-Հայաստան ՀԸԳՀ քաղաքացիական հասարակության պլատֆորմի (ՔՀՊ) նորընտիր անդամներին՝ քննարկելու պլատֆորմի՝ ՀԸԳՀ-ի առնչվող բարեփոխումների և ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացման վերաբերյալ տեսլականը։ Դեսպանը ողջունել է ՀԸԳՀ Քաղաքացիական հասարակության պլատֆորմի նորընտիր անդամներին՝ նշելով, որ քաղաքացիական հասարակության հետ ներգրավվելը առանցքային է գործընթացի ներառականությունն ապահովելու համար։

Հանդիպման ընթացքում ՔՀՊ անդամները կիսվել են իրենց մասնագիտական ու փորձագիտական պատկերացումներով այն ոլորտների վերաբերյալ, որտեղ պլատֆոմը լուրջ անելիք և ասելիք ունի։ Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Սյուզաննա Սողոմոնյանը պարոն դեսպանի ուշադրությունն է հրավիրել հակակոռուպցիոն, դատաիրավական, մարդու իրավունքների և ոստիկանության ոլորտներում շարունակական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտության ուղղությամբ։

Սյուզաննա Սողոմոնյանը նաև մտահոգություն է հայտնել առ այն, որ թեև ՀՀ-ը՝ ի դեմս պետական կառավարման մարմինների, պարբերաբար ընդգծում է ՀԸԳՀ-ի իրականացման ուղղությամբ կատարվող աշխատանքներն ու ջանքերը, սակայն, որպես այդպիսին, մինչ օրս որևէ միասնական փաստաթուղթ, ՀԸԳՀ-ի կատարման մասին հաշվետվություն կամ մոնիթորինգի զեկույց չի հրապարակվել կառավարության կողմից, որպեսզի բոլոր շահագրգիռ կողմերը, այդ թվում՝ հանրությունն ու ՔՀԿ-ները կարողանան ուսումնասիրել կատարված աշխատանքնեը, գնահատեն դրանց որակական ազդեցությունը։

Լուսանկարը՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել