70-77 000 դրամ կրթաթոշակ կտրամադրվի նաև ագրարային մասնագիտությունների սովորողներին. նախագիծ

ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ կառավարության 2023թ․ օգոստոսի 24-ի N 1430-Ն որոշման մեջ լրացումներ կատարել մասին նախագիծը։

Համաձայն այդ որոշման՝ ըստ առաջադիմության՝ 70-77 000 դրամ կրթաթոշակ է տրամադրվում պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով (ԲՏՃՄ ուղղությամբ մասնագիտական մանկավարժություն) սովորողներին, ինչպես նաև 50 000 դրամ՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքով նախատեսված ֆունկցիոնալության ծանր կամ խոր աստիճանի սահմանափակում ունեցողներին։

Ներկայում անհրաժեշտություն է առաջացել վերանայելու և ընդլայնելու պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների ցանկը՝ նրանում ներառելով ագրարային ուղղվածության կրթական ծրագրեր։

Նախագծի կարգավորումներն ուղղված են պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտություններով ընդունելության համար գրավիչ պայմաններ ստեղծելուն՝ հաշվի առնելով այդ մասնագիտություններով ընդունելության ցուցանիշները:

Առավել պահանջարկ ունեցող աշխատատեղերի համալրման խնդրի համաչափ կարգավորման նպատակով առաջարկվում է ցանկում ներառել հետևյալ մասնագիտությունները՝

  • անասնաբուժություն,
  • ագրոնոմիկա,
  • անտառային տնտեսություն,
  • անասնաբուծություն,
  • պարենամթերքի տեխնոլոգիա,
  • ագրարային ճարտարագիտություն:

Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ցանկում ընդգրկված մասնագիտության համապատասխան կրթական ծրագրերով 2024-2025 ուսումնական տարում բուհ ընդունված ուսանողները կստանան որոշմամբ սահմանված կրթաթոշակը:

Նախատեսվում է, որ 2024-2025 ուսումնական տարում բակալավրի կրթական ծրագրով ագրարային ոլորտի նշված մասնագիտություններով կրթաթոշակ ստացող ուսանողների թիվը կլինի 89, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով՝ 136: Ուսանողներին կրթաթոշակ տրամադրելու համար, ընդհանուր առմամբ, անհրաժեշտ կլինի 15 750 000 դրամ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել