Օտարերկրյա հեղինակավոր բուհերում սովորող ՀՀ քաղաքացիներին կրթաթոշակ կտրվի

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Օտարերկրյա հեղինակավոր բուհերում ՀՀ քաղաքացի հանդիսացող սովորողներին ուսման վարձի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը հաստատելու մասին» նախագիծը։

Նախատեսվում է օտարերկրյա հեղինակավոր բուհերում (աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com կայքի՝ տվյալ տարվա ցանկերի առաջին 65-75 բուհերի ցանկում՝ ըստ կրթական աստիճանների) ՀՀ քաղաքացի հանդիսացող սովորողներին ուսման վարձի փոխհատուցման նպատակով տրամադրել կրթաթոշակ՝ որպես պետական ֆինանսական խրախուսանք:

Կրթաթոշակի տրամադրման համար կսահմանվի պահանջ՝ սովորողի նեկայիս կամ ապագա գործատուի կողմից ուսման վարձի առնվազն հիսուն տոկոսի փոխհատուցման առկայություն։ Այս պարագայում պետությունից տրվող կրթաթոշակը կտրամադրվի գործատուի կողմից տրամադրվող փոխհատուցումից հետո առավելագույնը ուսման վարձի մնացորդային գումարի չափով՝ յուրաքանչյուր ակադեմիական տարվա համար ոչ ավել, քան 10 մլն ՀՀ դրամը։

Գործատուն և սովորողը պետք է ունենան ուսման ֆինանսավորման և ուսման ավարտից հետո գործատուի մոտ աշխատանքի անցնելու կամ աշխատանքը շարունակելու հանձնառության պայմանագիր: Աշխատանքային պայմանագրի ժամկետը պետք է լինի առնվազն 3 տարի ժամկետով՝ ուսման ակնկալվող ավարտից հետո:

Սամանվել է նաև, որ եթե ուսման ավարտից հետո կրթաթոշակի շահառու քաղաքացին չի վերադառնում ՀՀ կամ ուսումնառությունը կիսատ է թողնում կամ տեղափոխվում է այլ հաստատություն, գործատուն ՀՀ պետական բյուջեի համապատասխան գանձապետական հաշվին փոխանցում է հրաժարագին՝ պետության կողմից տրամադրված ընդհանուր կրթաթոշակի կամ համաֆինանսավորման ընդհանուր գումարի եռապատիկը:

«Նախագծի ընդունմամբ, կրթաթոշակ տրամադրելով օտարերկրյա լավագույն բուհերում սովորողներին, ակնկալվում է նպաստել աշխատաշուկան նոր, մրցունակ կադրերով ապահովելու գործընթացին՝ հասնելու կայուն ու համընդհանուր բարեկեցության»,-ասված է հիմնավորման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել