«Բոլոր քաղաքացիները ձայնագրվելու են, իրենց հետևելու են»․ Սամվել Մարտիրոսյան

Այս օրենքով գրեթե ամբողջ Երեւանը ընկնում է տեսախցիկների վերահսկողության տակ: Այս մասին ասել է Տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծին։

«Պետությունը մի կողմից պարտադրում է, որ այդ տեսախիկները տեղադրվեն մասնավորների կողմից եւ տրվեն 24/7 օնլայն ռեժիմով մուտք ՆԳ նախարարության ՊՈԱԿ-ին: Այսինքն ստացվում է, որ կենտրոնացված մեկ կետից ամբողջությամբ անընդհատ վերահսկողություն է իրականացվելու ամբողջ տարածության վրա:

Պարզ է, որ անվտանգության տեսանկյունից սա շատ կտրուկ դրական որակական արդյունք կարող է ունենալ, բայց միշտ պետք է հիշել, որ երբ անվտանգությունը հզորացվում է, դա շատ հաճախ բերում է քաղաքացիական ազատությունը սեղմելուն: Դրա համար պետք է բալանսը պահել»,- նշել է նա և ընդգծել, որ պետք չի ակնկալել, որ եթե այս տեսախցիկները տեղադրվեցին, հանցագործությունների թիվը միանգամից նվազելու է:

Մեդիափորձագետը նշել է, որ բացարձակ ոչ մի երաշխիք չկա, որ այդ տեսախիցկները տեխնիկապես ճիշտ վերահսկվելու են. «Մենք մեր աչքով ենք տեսել, որ ադրբեջանցիները տեսախիցկներով մարդկանց տներն էին ներխուժում: Հիմա այդ քանակը տասնապատկվելու է: Հիմա անվտանգությունից ելնելով ինչ-որ բան է արվում՝ չապահովելով դրա անվտանգությունը:

Հաջորդ խնդիրն այն է, որ բոլոր քաղաքացիները ձայնագրվելու են, իրենց հետեւելու են ինչ-որ մարդիկ ՆԳՆ-ում: Եվ միշտ գալիս է հարցը՝ իսկ ովէ վերահսկելու վերահսկողներին, որտեղ են երաշխիքները, որ օրինակ, պետությունը դա չի օգտագործելու քաղաքական դրդապատճառներից ելնելով, չեն հետեւելու լրագրողներին, որ բացահայտեն իրենց աղբյուրները: Հաջորդը, որն է երաշխիքը, որ կոռուպցիոն ռիսկեր չեն լինի, այսինքն մի չինովնիկ չի օգտագործի դա իր կնոջ սիրածին գտնելու համար: Հայաստանում եղել են դեպքեր, երբ մասնավոր տեսախցիկներ ձայնագրությունը մասնավոր մարդիկ ստացել եւ հանրայնացրել են»,- ընդգծել է Սամվել Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվել է խորհրդարանական փաթեթ, որով առաջարկվում է 50 քմ-ից մեծ սրճարանների, ռեստորանների, դեղատների, հյուրանոցների, առեւտրի վայրերի, բենզա-գազալցակայանների մուտքի ու մյուս կողմերին տեղադրել տեսախցիկներ եւ դա պարտադիր դարձնել օրենքով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել