Կենսաթոշակից պահումներ կարող են կատարվել`
1) օրինական ուժի մեջ մտած դատավճիռների, վճիռների հիման վրա, սակայն նշանակված կենսաթոշակի 30 տոկոսից ոչ ավելի.
2) սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու, ինչպես նաև կենսաթոշակառուի` օրենքով սահմանված պարտականությունները չկատարելու հետևանքով կամ սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) նրան ավել վճարված գումարները հետ գանձելու մասին կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման որոշման և կենսաթոշակառուի գրավոր համաձայնության հիման վրա, սակայն նշանակված կենսաթոշակի 15 տոկոսից ոչ ավելի, եթե ավել վճարված կենսաթոշակի գումարի չափը չի գերազանցում որոշումը կայացնելու ամսվան հաջորդող ամսվա կենսաթոշակի գումարի կրկնապատիկը:
Կենսաթոշակից կատարվող պահումների չափը հաշվարկվում է կենսաթոշակառուին վճարվող ամսական գումարից:
Կենսաթոշակից կատարվող պահումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի կենսաթոշակի 30 տոկոսը:
Կենսաթոշակառուի համաձայնության բացակայության դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ ավել վճարված կենսաթոշակի գումարի չափը գերազանցում է կենսաթոշակի 50 տոկոսը, ավել վճարված կենսաթոշակի գումարները բռնագանձվում են դատական կարգով` լիազոր մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ներկայացրած հայցի հիման վրա:
Կենսաթոշակից կատարվող պահումների չափը համամասնորեն փոխվում է կենսաթոշակի չափը փոխվելու դեպքում: