Ժաննա Անդրեասյանը՝ Սնուփ Դոգի համերգի ժամկետների մասին

Ազգային ժողովում այսօր ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը ԿԳՄՍ նախարարից հետաքրքրվեց, թե ի՞նչ եղավ Սնուփ Դոգի համերգը, որն այդպես էլ չկայացավ Երևանում։

«Համերգի համար հատկացրած գումարը ծառայելո՞ւ է իր նպատակին, թե՞ այլ ճակատագիր է ունենալու»,-հարցրեց պատգամավորը։

«Համերգը հայտնի պատճառներով հետաձգվեց։ Այս տարվա ընթացքում մենք սպասում ենք կազմակերպությունից առաջարկի: Պետք է ժամկետների երեք տարբերակ առաջարկի, որից պետք է ընտրենք ամենանպատակահարմարը՝ այդ համերգը կազմակերպելու այն պայմանավորվածությունների շրջանակում, որ եղել է: Ոչ մի լրացուցիչ բան չի պլանավորվում»,- պատասխանեց Ժաննա Անդրեասյանը։

Արսեն Թորոսյանն էլ արձագանքեց, թե այդ համերգի վերաբերյալ շահարկումները չափազանց շատ են:

«Ֆիքսենք, որ, այնուամենայնիվ, այդ համերգը կայանալու է: Պարզապես քննարկվում է ամսաթիվը, և ցանկացողներն էլ, երբ պարզ լինի, թե երբ է համերգը, կկարողանան մասնակցել»,- ասաց պատգամավորը:

Նախարարը նշեց, թե նախնական տպավորություն ունեն, որ համերգը կարող է օգոստոսին լինել։

«Սպասում ենք գրավոր առաջարկի։ Կարծում եմ՝ իրենք էլ ոչ պակաս շահագրգիռ են»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել